«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համացանցում գրառում է կատարել՝ հիշեցնելով դեռևս 8 ամիս առաջ իր կողմից տարածված հաղորդագրության մասին. «Դեռևս 2018 թվականի հունիսին էի արտահայտվել, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ԱԱԾ-ին բան ունի պատմելու... Օրեր առաջ տեղեկություն հրապարակվեց մամուլում, որ իմ հայտարարությունից հետո մոտ 8 ամիս անց Գագիկ Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։ Կարծում եմ՝ նա, ՀՀ քաղաքացիների ընկալման մեջ, որպես ամենաթալանչի պաշտոնյա, ՀՀ ընդդիմության կողմից թալանի մեջ ամենաշատ մեղադրված պաշտոնյա, պետության հաշվին միլիարդատեր դարձած մարդ, պետք է առաջին պատասխան տվողներից լիներ և վաղուց գտնվեր անազատության մեջ՝ պետության հաշվին միլիարդատեր դառնալու համար։

Հուսով եմ, որ նա 18,5 միլիոն դոլար նվիրելով չի ազատվի պատասխանատվությունից և հրապարակային, բաց ու թափանցիկ քննության արդյունքում պետությանը կվերադարձնի թալանածը և համապատասխան տարիներով պատիժ կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում համապատասխան խստացված ռեժիմով։ Կարծում եմ, եթե Գագիկ Խաչատրյանի թալանածը վերածենք արկղերով տուշոնկաների, ապա այդ արկղերը կծածկեն Հարավային Կովկասի ողջ աշխարհագրական տարածքը»: