«Ջեյն Էյրից» մինչև «Աննա Կարենինա»,
«Կեցության անտանելի թեթևությունն»
ու «100 տարվա մենությունը»...

Դերասանուհի Իննա Խոջամիրյանի համար գիրքն առանձնահատուկ նշանակություն ունի, գիրք նվեր ստանալն էլ ընդունում է իբրև մեծագույն հարգանքի ժեստ։ Դեռ ուսանողական տարիներից դերասանուհին ձեռք է բերել «կարդալ՝ որտեղ հասցնել» սովորությունը. աշխատավայրում, հյուրերի մեջ, ոտքի վրա, երբեմն էլ կարդալ ուտելու փոխարեն գերազանց առաջադիմություն ունենալու համար։

«Մեկ, երկու, երեք՝ սովորեցի կարդալ հանրության ու առհասարակ աղմուկի մեջ։ Գիրք եմ կարդում, երբ մենակ եմ, աշխատավայրում, ընդմիջման ժամանակ, քնելիս, երբ տանը հյուրեր կան և անգամ երբ բարձր երաժշտություն է հնչում», -անկեղծանում է գրքասեր Իննան։ Չնայած հիմա զբաղվածության պատճառով ավելի քիչ է կարդում, քան նախկինում, բայց ինքն իրեն խոստացել է՝ մարտ ամսից հունի մեջ է ընկնելու։ Այս պահին կարդում է «Կեցության անտանելի թեթևություն» գրքի ռուսերեն տարբերակը։ Հաջորդը Հերման Հեսսեի «Տափաստանի Գայլը» գործն է։

Դերասանուհու համար բոլոր ժամանակների գրողը շարունակում է մնալ Ֆեոդոր Դոստոևսկին։ Ինքն էլ շատերի պես իրեն երբեմն նմանեցրել է գրքերի հերոսներին, փորձել է ընդհանուր գծեր գտնել իր և հերոսի միջև. «Դեռահաս տարիքում մտածում էի՝ կարող եմ Ջեյն Էյր լինել, հետո դարձա Աննա Կարենինա... ու այդպես շարունակ։ Ինձ թվում է՝ յուրաքանչյուր ընթերցող տարբեր գրքերի հերոսներին ինչ-որ մի պահ վիզուալիզացնում է իր իսկ կերպարով»։

Արդեն երկրորդ տարին է՝ դերասանուհին գիրք նվիրելու տոնին ընդառաջ մրցույթ է կազմակերպում. «Մրցույթի մասնակիցները պարզապես նշում են իրենց նախընտրելի հեղինակի գիրքը, իսկ ես պատահականության սկզբունքով ընտրում եմ հինգ անծանոթ մարդկանց և նվիրում իրենց նշած գրքերը։ Պատկերացրեք՝ ամեն տարի գոնե տասից քսան հոգի այսպիսի մի բան անի. գիրք նվիրելը մշակույթ կդառնա»։

Լավագույն գործերի շարքին դերասանուհին դասում է նաև Գարսիա Մարկեսի «100 տարվա մենությունը», դե իսկ վերջին կարդացած գրքերից Մարկ Լևիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունն» իրեն տպավորել է իբրև հետաքրքիր լուծումներով, պարզ, արագ կարդացվող վեպ։

Այնուամենայնիվ, չնայած էլեկտրոնային ու տպագիր գրքերը թեժ մրցակցության մեջ են, սակայն Իննայի համար իրական գրքից լավը չկա. «Տանել չեմ կարողանում էլեկտրոնային գիրք ասվածը։ Համալսարանական վեց տարիներիս էլեկտրոնային գրքեր եմ կարդացել, դրանցով պատրաստվել դասերին ու քննություններին։ Անգամ էլեկտրոնային գիրք գնեցի, որը թույլ է տալիս համացանցից ներբեռնել ցանկացած գիրք ու առանց ճառագայթ, կարծես գրքի պես կարդալ. միևնույն է, չհարմարվեցի»։

Իսկ վերջում բոլոր նրանց համար, ովքեր ունեն մոտիվացիայի ու լավատեսական մտքերի կարիք, Իննան նշում է Ջոն Կեխոյի «Ենթագիտակցությունն ամեն ինչ գիտի» գիրքը, որտեղ թեև ոչ մի նոր բան գրված չէ, սակայն, ինչպես կարծում է դերասանուհին, հեղինակը ոգեշնչում է ընթերցողին։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ