Արդեն տասը տարի է՝ փետրվարի 19-ը համահայկական գիրք նվիրելու օրն է։ Այս տարի տոնն առանձնահատուկ է. լրանում է նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյակը։ Այս տոնը հնարավորություն է տալիս միմյանց գիրք նվիրելը հետաքրքիր ավանդույթ ու մշակույթդարձնել։ Եվ անգամ նրանք, ովքեր քիչ են գիրք կարդում, միևնույն է՝ սիրում են տոնին իրենց մասնակցությունն ունենալ։

20-ամյա ուսանողուհի Լիանա Սարգսյանը հենց այդ մարդկանց թվին է դասվում. «Գիրքը մտերմացնում է մարդուն իրականության հետ։ Ես ավելի շատ սիրում եմ գրքերն ուսումնասիրել, քան կարդալ։ Շատ քիչ գրքեր կան, որ խորասուզված կարդացել եմ։ Բայց գիրք նվիրելն ինձ համար կենսական նշանակություն ունի։ Անպայման նվիրելու եմ և հուսամ՝ նաև կստանամ»։

Գրքասեր հասարակության մաս կազմող ուսանողուհի Քրիստինե Թաթոսյանը փորձում է ամիսը գոնե մեկ գիրք կարդալ. «Վերջին կարդացածս գիրքը Բալզակի «Հայր Գորիոն» է։ Շատ տպավորված եմ հատկապես Դյումայի «Ասկանիո» գրքից. հերոսն ինձ շատ է ոգեշնչել։ Երբ նպատակասլացությունը, համառությունն ու խենթությունն օգնում են հասնելու ցանկացած բանի։ Դե իսկ կենտրոնում սերն է»։

Առավոտյան արթնանալ և նայել սեղանին դրված գրքին. Քրիստինեի համար սա լավ օրվա համար արդեն կարևոր նախապայման է։ «Գիրք կարդալիս հոգեպես հարստանում եմ։ Չեմ սիրում արագ կարդալ, վերջացնել։ Մի բաժակ սուրճի կամ թեյի հետ գիրք կարդալն իդեալական համադրություն է։ Գրքի հոտը, թերթերը...բոլորովին այլ աշխարհ է»։

Ապագա սննդի տեխնոլոգ Մարիամ Միքայելյանը թեև սիրում է այս տոնը, սակայն իր համար դժվար է գիրքն ուրիշին նվիրել։ Ինչպես նշում է, մինչև օրս մեկ անգամ է գիրք նվիրել, այն էլ՝ մեծ դժվարությամբ։ «Գիրք կարդալն ինձ համար իսկական արարողակարգ է։ Ամենատպավորիչը Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ պատմվածքն է եղել։ Ավարտելուց հետո երկար ժամանակ ուշքի չէի գալիս։ Գլխավոր հերոսի ամեն զգացմունք, ասես, ինքս էի զգում»։

Մարիամի համար առանձնահատուկ է եղել նաև Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» գիրքը։ Ինչպես ինքն է նշում, գրքի հերոսուհու բոլոր սկզբունքները հետագայում դարձան իրենը։

Դե իսկ մասնագիտությամբ լրագրող Մանե Մինասյանը գրքերի մի ամբողջ ցուցակ ունի և քսան օրը մեկ հերթով կարդում է։ Սառա Ջիոյի «Հազարավոր դեմքերի մեջ» սիրային վեպը վերջին կարդացածներից է։ Գրքի հերոսուհին ևս լրագրող է։ Կարդալուց հետո Մանեն սկսել է կրկին մտածել լրագրողի մասնագիտությամբ աշխատելու մասին։