Տնտեսական դուխով հեղափոխություն կառավարական տանը
Տիար Զենոնը հանդիսավոր հրճվանքի մեջ էր, քանի որ ողջ կառավարությանն էր հրավիրել թատրոն: Օվալաձև բուֆետում տեղադրված էին 12 հյուրընկալ թիկնաթոռներ և 4 սեղան: Զենոնը մատուցողի դերում էր: Հագել էր օսլայած վերնաշապիկ, կապել էր մահուդե փողկապ, ոտքերին քաշել բազմածակ ոտնամաններ: Օսլայած վերնաշապիկը խորհրդանշում էր իմքայլականների հետ և հեղափոխական վայելչանքը: Մահուդե փողկապը կախաղանի փոխարինիչն էր, իսկ բազմածակ ոտնամանները նշան էին նրա, որ փողոցները փակող ժողովուրդը կանգնել է կոտրած տաշտակի խնդրի առաջ և մոլորված է սեփական հույսերի և սպասումների շրջապտույտում, քանի որ դեռ ՀՀԿ-ի իշխանության օրոք գնված կոշիկները արդեն ծակվել են:

Ճաշացանկ՝
Յուրաքանչյուր սեղան բաժանված էր 2 մասի: Աջում՝ ժողովրդական ուտեստ և խմիչք էր՝ հորած պանիր, բոքոն և ծիրանի մրգօղի: Ձախ հատվածում շվայտորեն փռված էին սև ու կարմիր ձկնկիթը, ֆրանսիական բուլկին և գերմանական գարեջուրը: Աջ հատվածը հակաժողովրդավարականության գաստրոնոմիական ցուցքն էր (ի դեպ՝ ցուցքը շոուն է):

Հ.Գ.-1 Նա, ով բազմածակ ոտնամանը հագին ֆրանսիական բուլկի է ծամում, հավատացեք, որ վերջերս անդամակցել է որևէ աղանդի, Սորոսի հիմնադրամում ցուցակագրված մեկն է:

Հ.Գ.-2 Նրանք, որոնք համոզված են, որ ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը պարտադիր պետք է վայելքների մեջ լոգանք ընդունի, չկասկածեք, տառապում են քաղաքական հարբուխով:

Օրակարգ՝

Տնտեսական հեղափոխության ի կատար ածման համար 12 նախարարները պետք է բարձրանան կառավարական տան տանիք և սկսեն ողջ շենքի էներգակիր սնուցման ապահովման նպատակով տեղադրել արևային վահանակներ: Հրաշալի միտք. նախ՝ օրինակ կծառայեն, էապես կխնայեն պետբյուջեի միջոցները և երկրորդ՝ կքաշեն ապազգային ՀԷՑ-ի ռուսաօլիգարխիկ ականջները:

Այնուհետև տիարք և տիկին նախարարք պետք է ուշի ուշով ծանոթանան նշանավոր գիտնական և գյուտարար տիար Համազասպյան Վահանի ‹‹Երկրների հելիոֆիկացիայի›› նախագծին, հրավիրեն գիտնականին և, չեղարկելով ստացած պարգևավճարները, խնայված գումարներով արևի (իմա՝ հելիոսի) կենարար էներգիան օգտագործեն և գյուղմթերքների արտադրության, և կենցաղային կարիքները հոգալու, և զբոսաշրջության բուռն զարգացման և շատ այլ ոլորտներում:

Ըստ տիար Համազասպյանի, ով մեծն Հերունի Պարիսի սիրելի աշակերտն է, հավատարիմ հետնորդն ու նրա գործի շարունակողը, հելիոֆիկացիոն սարքեր արտադրելով՝ ՀՀ-ն տարեկան կունենա (ուշադիր եղեք, ճշտեք ձեր դիրքը և ամրությունն աթոռում՝ ընկալելով ասվածը ամբողջությամբ) բազմամիլիարդ դոլարային եկամուտ: Տիարք և տիկին նախարարներ, ներկայացվածը ճշգրտեք տառ առ թիվ, և եթե ասվածը դույզն-ինչ չափազանցություն կթվա, ինձ՝ պատվի գերի Զենոնիս, ի ցույց դրեք, թեև՝ ոչ… գլխիվայր կախեք Կառավարական տան ժամացույցի մեծ սլաքից առնվազն երեք ժամով:

***

Տիար Համազասպյանն իր ազգաշեն գործերով բարեբախտաբար եզակի չէ: Փնտրեք և գտեք մյուս բոլոր նվիրյալներին, որոնց գյուտերն ու հայտնագործությունները ներդրվելով տնտեսության մեջ՝ կարճ ժամանակ անց ՀՀ-ն կդարձնեն տարածաշրջանային Սինգապուր:

Այստեղ եկեք մեր ճաշկերույթը ստեղծագործաբար հեղաշրջենք, ֆրանսիական բուլկին ճաշակենք հորած պանրի, իսկ բոքոնը մեր ազգային բնականաբար կարմիր ձկնկիթի հետ:

Ճաշակեցի՞նք:
Սքանչելի
է:
Ճաշկերույթը
եկեք ավարտենք մեկական թաս սառը թեյով:
Ասում են՝ օգտակար
է:

Այժմ փորձենք ՀՀ թիվ 2 հպարտ քաղաքացուս (առաջինը գիտեք ով է) տարակուսանքը մարել, հիացմունքը կարգավորել:
Սկսենք
հիացմունքից:

Այո, հանրության կողմից ընկալվում է տնտեսական հեղափոխության ներկա բանաձևը, քանզի քրեաօլիգարխիան, ճիշտ է, պահպանում է սեփականությունը, սակայն չէ՞ որ այլևս դրության տերը չէ. երախը փակել է, լեզուն է խածում, կամքից անկախ էլ կանաչ լույս է վառում տնտեսական կիրթ ներուժի ժայթքման առաջ:

Հիացմունքի կենարար աղբյուր է գործող վարչապետի տնտեսական հեղափոխության համար պատրաստվող քայլարշավը: Ես՝ Զենոնս, աջ կողքիդ եմ դիրքավորվել և հուշում եմ մի քանի բան: Տիար Նիկոլ, տիարք և տիկին նախարարներ, թախանձագին խնդրում եմ, որ զանազանեք հարդն ու ցորյանը և խուսափեք այն ամենից, ինչը նախորդ իշխանության արմատական արատն էր և հանրապետության գոյակերպի ամենավառ, արյունածոր խարանըհանրային արժանապատվության ոտնահարինքը՝ գլամուրային ցուցքերով: Այսպես, օրեր առաջ տիար Նիկոլը նախարարաց ուղեկցությամբ մասնակցեց ինչ-որ հյուրանոցի բացման արարողությունը, կամա-ակամա մի լի բահ թանձր շաղախով ամրապնդելով ‹‹սպասարկող երկիր Հայաստան›› հակապետության հիմքերը:

Հայաստանը հայության բնօրրանն է: Հայն ի բնե արարչագործ է, սպասարկող չէ. կորչեն հյուրանոցներն ու պանդոկները, խաղատներն ու շոգեբաղնիքները: Այլևս ոչ մի հյուրանոց, զի հեղափոխությունը չի հաղթանակել, որ Երկիր Նաիրին վերածնվի որպես ծիրանային հանրապետություն: Այսպիսով՝ տնտեսական հեղափոխության բանաձևում անհրաժեշտ է ձևախեղել այն ամենը, ինչը տրամաբանված է զբոսաշրջության զարգացմամբ երկիրը շենացնելուն: Այն մեր տնտեսության զարգացման համար լավագույն դեպքում ածանցյալ է, բայց ոչ տնտեսության քարշիչ ուժ:

Տիար Նիկոլ, տիարք և տիկին նախարարներ, պաղատում եմ թախանձագին և ծնկաչոք՝ մի խախտեք գերակայությունները. թող նախ ծխան մեր գործարանների ծխնելույզները, մինչդեռ, տեսնում եք, առայժմ հանդիսավոր ծխում-մխում-բքում են շոգեբաղնիքների հնոցները:

Ցանկանո՞ւմ եք, որ մեր տնտեսությունը եռանիշ թվերով աճի:
Եթե
այո, ապա ուշի ուշով տեղազննենք նախորդ կառավարությունների տնտեսական զարզանդելի սողանցքները և արեք ճիշտ հակառակը:
Եվ
կշահեք, չկասկածեք:

Հրովարտակ բեմից՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԿԱԼԵԼԻ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԲԱՆԱՁԵՎԸ, ՈՐԸ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՅ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՈՒԺԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆԸ: Ի ՓԱՌՍ ՄԵԶ ԵՎ ՁԵԶ: ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՑՈՒՑՔԵՐՆ ՈՒ ԶԵՐԾ ՄՆԱՑԵՔ ՀՐՈՎԱՐՏԱԿՆԵՐԻՑ: ՍԱ Է ՏԱՃԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ:

Ներկայացումն
ավարտվեց:
Վարագույրը
հուշիկ փակվեց:
Ցը…

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ