Գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Յուրի Խաչանյանը 2018-ի վերջերին Մոսկվայում էր: Եվ ահա, թե ինչպիսի զգացմունքներով է նա վերադարձել ՌԴ մայրաքաղաքից: Նրա խոհերն ու զգացողություններն արտացոլվում են մեր նյութի վերնագրում: Իսկ վերնագիրը «Հայոց հարցի» հերթական, այս դեպքում կերպարվեստային մի թնջուկ է ներկայացնում: Թնջուկ, որն անհապաղ լուծման է կարոտ: Հակառակ պարագայում վերստին կհայտնվենք կոտրած տաշտակի առջև, ու կբողոքենք հայի բախտից: Այժմ լսենք պարոն Խաչանյանին. «Թուրքիայի Հանրապետության դեսպանը 2018-ի դեկտեմբերի 27-ին այցելում է ЦДХ-ի («Նկարչի կենտրոնական տուն») այսպես ասած՝ հրաժեշտի ցուցահանդես, որի կենտրոնական սրահում

Caption

Ժակ Իհմալյանի ստեղծագործություններն էին ներկայացված: ЦДХ-ն Խորհրդային տարիներին մի հսկա համալիր էր, որտեղ ամենատարբեր ցուցահանդեսներով արվեստասերներին էին ներկայացնում ԽՍՀՄ-ի 15 հանրապետությունների առաջատար վարպետները: Ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ այն լուծարվեց և ի տնօրինում հանձնվեց Տրետյակովյան պատկերասրահին: Ես եղա այնտեղ, հիացա Իհմալյանի արվեստով և հետաքրքրվեցի հրաժեշտի ցուցահանդեսի կազմակերպիչ «Les-Oreades-Ореады» պատկերասրահի տնօրեն Լիլիա Սլավինսկայայից՝ ինչու Իհմալյանի գործերը չեն ներկայացվում Հայաստանում: Իսկ ո՞վ է դա ինձ առաջարկել, զարմացավ նա: Իսկ Թուրքիայի դեսպանը մի ցանկություն ուներ՝ հայտնել իր երկրի կառավարությանը, որպեսզի Ժակ Իհմալյանի կտավները գնվեն և դառնան իրենց երկրի սեփականությունը: Հավանաբար, այդպես էլ կլինի, եթե մեր կառավարությունը ինքը չփորձի ձեռք բերել այդ զարմանալի արվեստագետի ժառանգությունը:

Մի քանի նախադասությամբ ընթերցողներին ծանոթացնեմ նկարչի հետ: Ժակ Իհմալյանը ծնվել է Ստամբուլում, 1922-ին: 1949-ին արտագաղթել է Սիրիա, ապրել է Լիբանանում, 1956-ին տեղափոխվել է Լեհաստան, 1959-ին՝ Չինաստան (ապրել և ստեղծագործել է Պեկինում), իսկ արդեն 1966-ին հաստատվում է Մոսկվայում:

Իհմալյանը զարմանալի կյանք է ապրել: Նախորդ դարի 30-ականներին անդամագրվում է Թուրքիայի կոմունիստական կուսակցությանը: 1942-ին ընդունվում է Ստամբուլի գեղեցիկ արվեստների ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետ: Սակայն քաղաքական գործունեության պատճառով երկու տարի անց ձերբակալվում է և հայտնվում բանտում: Նա թուրք առաջադեմ գրող Նազիմ Հիքմեթի բարեկամն էր: Հիքմեթը մի առիթով գրել է. «Մի գեղեցիկ օր և քո նկարներին արժանի բանաստեղծություններ կգրեմ»:

1978-ի ապրիլին Իհմալյանը վախճանվեց և թաղվեց Երևանում:

***

Իհմալյանի արվեստը բարձր էր գնահատում ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ծագումով ադրբեջանցի Թաիր Սալախովը, որի աջակցությամբ Իհմալյանը արվեստանոց է ստանում և արդեն 1974-ին անդամագրվում է ԽՍՀՄ նկարիչների միությանը... երբ դեռ Թուրքիայի Հանրապետության հպատակ էր:

Նրա աշխատանքները գտնվում են Մոսկվայի ներքոնշյալ հանրահայտ կենտրոններում՝ Տրետյակովյան պետական պատկերասրահ, Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան և Գլինկայի երաժշտական կուլտուրայի թանգարան:

Նկարներ կան Էջմիածնում, Վեհափառ Հայրապետի հավաքածուում, Երևանում, Վիլնյուսում և Կաունասում, մասնավոր բազմաթիվ հավաքածուներում (Թուրքիա, ԱՄՆ, Լիբանան, Լեհաստան, Բուլղարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Դանիա, Շվեդիա, Հունաստան, Իսրայել և Իրան):

1968-ին Մոսկվայի արվեստի աշխատողների կենտրոնական տանը բացվեց Իհմալյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Հետո միմյանց հաջորդեցին բազմաթիվ փայլուն ցուցահանդեսներ հեղինակավոր պատկերասրահներում: Տարիներ առաջ Ժակ Իհմալյանի կինը Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում բացեց նրա անհատական ցուցահանդեսը: Մի անհավանական հետաքրքիր ստեղծագործություն է գտնվում Հայաստանի ազգային պատկերասրահում, կոչվում ՝ «Ավետում»: Խորհուրդ կտայի անպատճառ դիտել այն:

Բավականին հարուստ է Ժակ Իհմալյանի ժառանգությունը, ավելի քան 2 հազար գործ, գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, գրքի ձևավորումներ և այլն: Իմ համոզմամբ նա այն դասում է, որտեղ նրա նշանավոր սերնդակիցներն էին Մինաս Ավետիսյանը, Էդուարդ Արծրունյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Վրույր Գալստյանը:

Ժակ Իհմալյանի ստեղծագործական ուրույն աշխարհն իսկական հայտնություն էր Մոսկվայի շատ բան տեսած և դժվարությամբ նոր վարպետի ընդունող ու ընկալող գեղարվեստական միջավայրում:

«Les-Oreades-Ореады» պատկերասրահը 1995-ից ակտիվորեն հանրահռչակում է Ժակ Իհմալյանի արվեստը: Արվեստ, որն այսօր կամ վաղը կարող է դառնալ այլոց սեփականությունը: Այսինքն՝ աճյունը Հայաստանում է, իսկ ժառանգությունը կարող է հայտնվել Թուրքիայում»:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ