Անցած քառորդ դարի մեր պատմության մեջ առաջին անգամ մեր անկախ երկրի առաջին դեմքը ո՛չ Հյուսիսին է քծնում ու խոստում շռայլում, ո՛չ Արևմուտքին: Ու իր այդ քայլի ենթադրելի պատասխանն էլ արժանավայել, համոզված եմ, մենք շուտով կստանանք՝ և՛ այդ Հյուսիսից, և՛ Արևմուտքից:

Ո՛չ լիբերալ-դեմոկրատների պես Արևմուտքի՛ սիրուց է խելքը գցում ու «չոլերն ընկնում», ո՛չ լիբերալներից «ալերգիա ստացողների» պես Հյուսիսի՛ սիրուց՝ ռուսական «անծայրածիր տափաստաններն ընկնում»: Ու նման արժանավայել կեցվածքի դիմաց, համոզված եմ, շուտո՛վ, շա՛տ շուտով կգան լուրջ հարգանքի լուրջ հավաստիքներ՝ և՛ Հյուսիսից, և՛ Արևմուտքից:

Հա՛, այս աշխարհում հարգում են նրա՛նց, ովքեր իրենք իրե՛նց այդ հարգանքից չեն զրկում, այլ, հակառակը, դրա առհավատչյան են համարձակ մեկնում այդ նույն աշխարհին:

Շա՛տ համարձակ ու աննախադեպ պահվածք: Առաջին անգամ մեր առաջին դեմքը մեր ամենաբարձր՝ ԱԺ ամբիոնից առանց «սրտի դողի» հայտարարում է. «Բա Ռուսաստանի՞ դրոշն ինչու չէիք կախել»: Բայց, միաժամանակ, չի «երկնչում» ու իր համագործակցության ծրագրերն է մեկնում նաև Արևմուտքին: Առաջին անգամ մեր առաջին դեմքը ընտրվելուց հետո չի մոռանում իր տված խոստումը և իսկապե՛ս հավասարակշռված արտաքին քաղաքականության իր հայեցակարգը, հանգի՜ստ, առանց «հուզմունքի», մտքից չի թռցնում ու վերստին պա՜րզ շարադրում:

Կտեսնե՛ք, որ հենց ա՛յ հիմա նոր կսկսեն վերջապես մեզ կարգին հարգել, բանի տեղ դնել: Եւ՛ ԱՄՆ-ից, և՛ Մերկելի, և՛ Պուտինի կողմից ասածս հարգանքի այդ հավաստիքը չի՛ ուշանալու, գալո՛ւ է շուտով

Եւ ուստի, չնայած Նիկոլի անփորձ թիմի որոշ վրիպումների, ամենակարևորն, ըստ իս, իր հենց այս անվրեպ «մեսի՛ջն» էր՝ արար աշխարհին հղված: Կոնկրետ ի՛նձ համար գլխավորն ա՛յս է, իսկ մնացածը՝ դրան ածանցյալ, դրանից բխող: Քանզի, եթե մեկը արտաքի՛ն՝ առավել բա՛րդ քաղաքականության մեջ հավասարակշռված քայլեր է անում, եթե մեկը դրսի՛ դեմ իր անելիք քայլերն առանց վարանելու է անում, ապա ներսո՛ւմ, ի՛ր թիմի ներսում հավասարակշիռ քայլեր անելուն ուղղված ուժերը, կարծում եմ, կհերիքե՜ն ու կհերիքեն: Դրանից ելնելով էլ՝ կարծում եմ, որ շուտով թիմի ներսում եղած վրիպումների դեմն այնպես սիրո՜ւն ու հե՜շտ կառնեն, որ կասկածողներն ա՛յ այս ասածս այդժամ կհիշեն:

Այնպես որ որքան էլ Սերժ Սարգսյանի թիմը կուրծք պատռելով աղաղակի, թե իրենք աշխարհում հավասարակշռվա՜ծ քաղաքականությո՜ւն էին վարում, վայրկյան իսկ չհավատաս, ժողովո՛ւրդ ջան, նո՜ր-նո՜ր ենքհավասարակշռվում ու հավասարակշռում: Ամենայն պատասխանատվությամբ՝ ա՛մեն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ