Մի ժամանակ «Հայկակա՛ն ժամանակ» խմբագրած մեր վարչապետը գերմանակա՛ն «Ժամանակի» («Die Zeit») հետ ունեցած զրույցում մի հատ նե՜նց բանի անժամանակ վախճանն «ի խորոց սրտի» ու «ցավով» հայտարարեց, որ, թեև հարցազրույցից արդեն անցել է ահագին ժամանակ, բայց ոմանք էնպես են «ցնցված» ասածից, որ դեռ էլի է ժամանակ պետք, որ լրի՜վ ուշքի գան:

Պարոն Փաշինյանը «Die Zeit»-ի լրագրողուհի Սիլվիա Շտոբերին ահա թե ինչ ասաց. «Ես իմ ընտրողներին ասացի, որ մեզանում՝ Հայաստանում, այլևս օլիգարխ չկա: Դա շատերին զարմացրեց, որովհետև այդ մարդիկ (օլիգարխները) դեռևս իրենց տեղում են ու ոչ մի տեղ չեն գնացել: Բայց ի՞նչ բան է օլիգարխը: Օլիգարխն օգտվում է արտոնություններից : Նրա համար կիրառվում են այլ օրենքներ, նա մուտք ունի կառավարություն և ազդում է նրա վրա: Այժմ բոլորը հավասար պայմաններում են»…

Պարո՜ն Փաշինյան, բայց, խոսքը մեր մեջ, մեր գործող, բայց արդեն «վերացած» օլիգարխներին վաղո՜ւց այլևս ո՛չ արտոնություններ են պետք, որ շարունակեն օլիգարխ մնալ, ո՛չ հատուկ իրենց համար կիրառվող «այլ օրենքներ», որովհետև արդեն իսկ էղած մեր օրենքներն իրենց ոչ թե բո՜լ, այլ ծո՜վ են: Էդ օրենքները քանի որ ժամանակին հենց իրենք են գրել, բնականաբար, ո՞ւմ համար են գրել:
Ապրե՜ք,
իրե՛նց համար:
Էդ
դեպքում իրենց հազա՜ր տարի պետք են «այլ օրենքներ». էղածը իրենց ձեռք է տալիս ու իրենց թույլ է տալիս, որ ո՜նց ամուր կային, նե՜նց էլ գնալով ավելի ամրանան:

Այսինքն՝ պարո՛ն վարչապետ, այժմ բոլորը բնավ էլ հավասար պայմաններում չեն, քանզի արդեն իսկ ընդունված օրենքները ոմանց արդեն իսկ հատուկ պայմաններ են ընձեռում, չհաշված, որ էդ հատուկ պայմաններ ունեցողներն արդե՛ն իսկ էն գլխից՝ ապրիորի՛, անհավասար պայմաններում են, քանզի նրանք վաղո՜ւց արդեն իրենց նախնական կապիտալը, ո՜նց ուզել, նենց արդեն բոլ-բոլ, հարյուր տարվա համար կուտակել են:

Իսկ եթե դրանց ձեռնտու էդ գրվա՛ծ օրենքներին գումարենք նաև Արևելքում «շատ ակտիվ գործող» «չգրվա՜ծ օրենքները»՝ կոռուպցիայի ու պրոտեկցիոնիզմի վառ դրսևորմա՛մբ «չգրված օրենքները», ապա օլիգարխիան պետք է որ ոչ թե շունչը փչած լինի, այլ, իմ հաշվարկով, մինիմում մի հատ նոր շնչառություն ստացած լինի: Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ մինչև անցած տարվա դեկտեմբերի 31-ի 23.59-օլիգարխներ կային, իսկ ս.թ. հունվարի 1-ի 00.00-ից սկսած՝ արդեն չկա՞ն, լրի՜վ վերացա՞ն:

Ա՜-ո՜ւ, ո՞ւր կորաքՕլիգարխնե՜ր, ա՜-ո՜ւ, դուք իսկապե՞ս… «կապո՜ւտ»:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ