Նվեր Հայրապետյանն իր ուրույն աշխարհն ունի, իր տուն-արվեստանոցը, որի պատուհանից տեսարան է բացվում դեպի գեղանկարչորեն հայկական բնաշխարհը: Ցուցահանդեսների մասնակցում է վերջերս, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներում և այլուր: Բավականին ուշ ազդարարելով իր մուտքը հայկական արդի կերպարվեստ՝ Նվերը ամենևին ուշացած չէ, նա ստեղծագործող է և կրում է իր բաժին խաչը: Ընթերցողին ենք ներկայացնում Նվեր Հայրապետյանի ինքնազրույցը:

Վերջին կտավս ծավալուն է, պետք է ընդգրկել բնաշխարհի այն մասը, որն ընտրել էի: Այն ինձ դուր է գալիս, զգացմունքներս կարողացա փոխանցել կտավին և արվեստասերին: Անկեղծ ասած՝ մինչև օրս չեմ ճշտել, թե ինչ նկարչական ուղղության կամ «իզմի» եմ հարում, ո՞րն է իմ ոճը՝ վերացարկայի՞նն է, ռեալիստակա՞նը, թե՞ այլ մի բան: Ուղղակի վրձինն առնում եմ ձեռքս և սկսում երջանիկ տառապել, նկարել և ապրել նրանով: Երբ մի պահ հեռանում եմ կտավից և իմ պատուհանից իմ աշխարհն եմ դիտում, ինչ-որ բան մտորում եմ, սակայն նկարելիս ամեն բան վերանում է, և ձուլվում եմ ստեղծածիս:

***

Բնօրրանս այլ հմայք ունի: Արա լեռը, Ապարանի ջրամբարը, առհասարակ՝ գյուղի դիրքը անսքող գեղանկարչական է: Տարիներ շարունակ նկարել եմ հիշողությամբ, չմերձենալով բնաշխարհին: Այժմ հաճախ եմ լքում արվեստանոցս և քայլում դեպի բնություն: Ժամանակին լուրջ չեմ վերաբերվել բնանկարին, մտածում էի՝ ահա նկարում են ծառ, սար, քար և... հետո կռահեցի, որ սարը, քարը և ծառը կենդանի էություններ են, որոնք հիշողություն են կրում և տեղեկույթ են հաղորդում:

***

Ազդվե՞լ, իհարկե: Շատ է ազդել Մինասը, նրա «Կարմիր շրջանն» անզուգական է: Հիացել և հիանում եմ Քոչարով, նա և՛ 21-րդ դարում է, և՛ իջնում-հասնում է միջնադարի վարպետներին: Նա մի զարմանալի բնահող, հիմնանյութ ունի: Եվ ազգային է և համամարդկային: Սակայն Քոչարը նախ ազգային է:

***

Ցուցահանդեսին մասնակցությունը, հատկապես Նկարիչների միության ցուցասրահներում, և՛ պատվաբեր է, և՛ պատասխանատու բան է: Սակայն նախ քննությունն է: Ամբողջության մեջ դիտում եմ իմ գործը, յուրովի եմ այն գնահատում: Շատ հետաքրքիր է մտածող արվեստասերի կարծիքը:

***

13-րդ դարի եկեղեցի է «Մարիամ Աստվածածինը» և յոթ դարից ավելի իր ներկայությամբ շենացնում է իմ հարազատ Եղիպատրուշ գյուղը, նախկին Տանջլան: Այն, ըստ իս, ավելի հին ժամանակների ծնունդ է և կառուցված է մեհենական հիմքի վրա: Եկեղեցում որմնանկար կա, որը հազիվ նշմարելի է, քայքայված է: Վերականգնե՞լ այն: Չեմ հանդգնի, կսարսռամ: Նոր որմնանկար կստեղծեի եկեղեցում, դա իմ երազանքներից է: Բեմից վար գտնվող հատվածն եմ ցանկանում նկարազարդել, իհարկե, Աստվածաշնչյան թեմաներով: Եվ կապված միջավայրի հետ, այն խորհրդի հետ, որ կա այս եզերքում: Առայժմ որմնանկարի երազանքս կյանքի եմ կոչում այլ կերպ, առանձին կտավներում:

***

Ապարանի տարածաշրջանում շատ չեն նկարիչները, բայց կան և իրենց բնօրրանին միաձույլ են ապրում: Սակայն անկարող են մասնակցել թեկուզ Ապարանի գեղարվեստական կերպարի ձևավորմանը: Ցանկալի է սիմպոզիում կազմակերպել և ավանդույթ ձևավորել: Առհասարակ, մշակույթն ու արվեստը հոգածության առարկա են դառնում երգ ու պարի, կներեք՝ տնգլ-մգլային մակարդակում: Արվեստի բոլոր ճյուղերը պետք է զուգահեռ զարգանան:

***

Առհասարակ՝ կերպարվեստը պետք է լիարյուն ներառվի մեր նորանկախ հանրապետության կյանքում, հատկապես այս օրերին, երբ էապես իրավիճակ է փոխվել: Մեր գյուղում ճոպանուղի են կառուցում, որը գեղատեսիլ վայրերով զբոսաշրջիկներին կներկայացնի շատ բան՝ և՛ հնավայրերը, և՛ լեռներն ու անտառները, և՛ աղբյուրները անմահական:

***

Նկարել եմ մեր լեռները՝ շրջապտույտ կատարելով արևմուտքից մինչև արևելք: Յուրաքանչյուր լեռը անհատականություն է: Եվ ահա մտածում եմ՝ մի՞թե անհնար է ներդաշնակել բնությունն ու այն յուրովի վերապատկերող կերպարվեստը և այն դարձնել զբոսաշրջային գրավչության նյութ:

Մեր գյուղում կարելի է սիմպոզիումներ և պլեներներ կազմակերպել, շատ են այցելում, հիանում են և հեռանում: Ասեմ, որ մեր դասական շատ վարպետներ են այստեղ նկարել՝ սկսած Սարյանից:

Գյուղը կաթողիկոս Եսայի Եղիպատրուշեցի ծննդավայրն է: Սա էլ իր խորհուրդն ունի:

Եվ գիտեք, թե ինչն է ինձ զարմացնում: Զբոսաշրջիկները Հայաստան այցելելով և ծանոթանալով երկրի բազմադարյա և անսովոր հարուստ մշակույթին ու արվեստին՝ հիանում են, բայց նաև զարմանում են, թե ինչու ներկա հայերը բարձր արվեստ չեն ստեղծում, գուցե նրանք եկվո՞ր են:

Մենք նախ զարմացնում ենք հյուրերին ազգային խոհանոցի բարիքներով՝ մի կողմ թողնելով մեր մշակույթն ու արվեստը: Վաղ երիտասարդությանս տարիներին «Գարուն» ամսագրում մի շատ բնորոշիչ բան կարդացի՝ իտալացի նշանավոր ճարտարապետ Ալպագո Նովելլոն Հայաստանում չափագրում է հերթական եկեղեցին: Տեղացիները գառ են մորթում ի պատիվ թանկագին հյուրի և խնդրում են մոտենալ սեղանին: Երկար ճանապարհ անցած, հոգնած և քաղցած իտալացին հրաժարվում է: Զարմացած գյուղացիները ասում են, որ սա հայկական հանրահայտ խորովածն է և չի կարելի է նրանից հրաժարվել: «Խորովածը չէ հայկական, հայկականը այ այս վանքն է», -պատասխանում է Նովելլոն:

Պատրաստեց Վրեժ Առաքելյանը