Մի վատ, բայց փթթուն միտում եմ այսօր «ցանցում» նկատում: Ո՜վ տեղից ելնում, վարչապետին է սկսում դաս տալ: Կան, որ տեղից էլ անգամ չեն ելնում. բազմոցին պառկա՛ծ են էդ դասը տալիս: Ո՜ւմ կուրսայինը կամ ռեֆերատը լավ չի ստացվում, մտնում է ֆեյսբուք ու, որ հերսն անցնի, վարչապետին է «ենթարկում դասի». «Վարչապետը տնտեսագե՜տ չէ», «Վարչապետը իրավաբա՜ն չէ», «Վարչապետն է՜ս չէ», «Վարչապետն է՜ն չէ»:

Է ո՜չ էլ պետք է, որ վարչապետը լինի և՛ տնտեսագետ, և՛ իրավաբան, և՛մեքենայի «խադավոյից» պարտադիր բան հասկանա, և՛ Արմեն Սարգսյանի ու Կոլումբոսի պես, պարտադիր, «ճանապարհորդ» ըլնի:
Այս
վարչապետը նույն Արմեն Սարգսյանի ժամանակների՛ վարչապետը չէ:
Այս
վարչապետն, ըստ նոր սահմանադրության, արդեն երկրի առաջին դեմքն է, ու, որքան էլ Արմեն Սարգսյանը դրսում ելույթ ունենա, ինքը, որպես նախագահ, Անգլիայի թագուհու պես բան է (նկատի ունեմ կարգավիճակը): Թեպետ Արմեն Սարգսյանը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք «հու՜յժ հպանցիկ» վարչապետ նշանակվեց, խոսքը մեր մեջ, էլի՛Անգլիայի թագուհու պես բան էր:

Սակայն Արմեն Սարգսյանի «տիեզերքից» վերադառնանք երկիր ու, շարունակելով, ասենք, որ կարևորը՝ վարչապետն իր խոսքի տե՛ր լինի, անաչա՛ռ լինի, համարձա՛կ լինի, հեռատե՛ս լինի, բայց միաժամանակ նաև «կարճատե՛ս» լինի, որ իր քթի դեմ եղածը և՛ս նկատի ու մա՛րդ ճանաչի, որ կադրերին ճի՛շտ տեղերում դնի, դրանք աշխատեն:

Հապա նայե՛ք ԱՄՆ առաջին դեմքերին. քանի՞ հատ տնտեսագետ ու իրավաբան մեջները կգտնեք:Ավելի շատ մեջները դերասան ու շոումեն կա, քան Հարվարդի գերազանցիկ շրջանավարտ: Վերջին 50 տարվա իրենց ամենից հաջողակ նախագահը դերասան Ռոնալդ Ռեյգանն էր: Դրան նախորդո՛ղ 50 տարում Ֆրանկլին Ռուզվելտը, ճի՛շտ է, մինչև 14 տարեկանը տանը կրթվելուց հետո, դպրո՛ց հաճախեց, ապա քոլեջ գնաց, տնտեսագիտություն սովորեց, ապա գնաց, Հարվա՜րդ ավարտեց՝ իրավաբանի մասնագիտությամբ, բայց նա էլ անդամալույծի սայլակի վրա՛ էր երկիր կառավարում ու այնպե՛ս կառավարում, որ պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ սահմանադրություն էր խախտվում, ու երկուսի տեղ չո՛րս անգամ էր նախագահ ընտրվում ու, երբ երկիրն էր հանում 1929-33 թվականների Մեծ դեպրեսիայից, էդ իր սովորած տնտեսագիտությունն էր ծաղրում:

Իոսիֆ Ստալինը դեռևս նախապատերազմյան՝ 1934 թվականին Ֆրանկլին Ռուզվելտին «կապիտալիստական աշխարհի ամենահամարձակ գործիչ» էր անվանում, թե չէ, «Մենք ենք, մեր սարերի» «տուժած կողմ» Ռևազի ոգով ասած, գո՜րծ եք գտել, գո՜րծ եք բացել, մտել ցանց, վարչապետ եք դաս տալիս

Հա՛, մենք՝ մեծից պուճուր, դպրոց ավարտածից մինչև չավարտած, դասատուների ազգ ենք: Բոլորս գիտենք, թե ճիշտը ո՛րն է, թե ո՛րը ո՛նց պտի արվի, բայց ոչ մեկիս իմացածը մյուսիս իմացածի հետ երբեք չի համընկնում: Արդյունքում՝ ստացվում է մի հատ նոր, տեղական մասշտաբի… «Բաբելոն»:

Դա՜ս են տալիս, նոր «կոնցեփթնե՜ր» գրում, հանրությանը շռայլ «ընծայո՜ւմ»: Գնացե՛ք, ձեր էն չհանձնած կուրսայիններն ու ռեֆերատնե՜րը գրեք, տնաշեննե՜ր. տո ի՞նչ տնաշեն, աշտարակաշեննե՜ր: Ափսոս, աննախագիծ ու աննախահաշիվ աշտարակն այդ միշտ, «վերևից» մի հատ կամա՜ց փչեցին, տեղումփլվում է:

Բայց, ի՜նչ ուզում ես արա, մեկ է, վարչապետին ուղղված «անվճար դասընթացները» շարունակվում են ու կշարունակվեն, քանզի մենք ուղղվողը չենք: Ու եթե Շարմազանովը խոսել է, խոսում է ու խոսելու է, ապա մենք էլ դաս տվել ենք, դաս տալիս ենք ու դաս տալու ենք ու մենք միայն մի՛ հոգու չենք կարողանալու դաս տալ՝ ինքներս մեզ, որովհետև, արդեն ասացի, մենք «լավ» դաս տվող ենք, բայց վատ սովորող ու վատ դաս քաղող:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ