Փետրվարի 15-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին։ Քննարկվել են հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ հայ համայնքի դերակատարումը։

Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ առաջիկա առաջնահերթությունն է բարձր տեխնոլոգիաների և նորարարության առաջընթացի հիման վրա տնտեսական զարգացման ապահովումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ, կարևորել Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը։