Արեգ Սարգսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Երբևէ ավելի մեծ ցանկություն չեմ ունեցել անդրադառնալ պարոն Փաշինյանի որևէ ելույթի, քան այսօրվանին: Երևի նրա համար, որ այս մեկում ամփոփված էր ամեն ինչ՝ վերջին 10 ամսվա մասին:

Ելույթը լսել եմ որպես ՀՀ միջին վիճակագրական շարքային քաղաքացի, այսինքն մեկը, ով լսում է, ու պարզապես ընդունում առաջին տպավորությունը՝ որևէ խորքային վերլուծություն չանելու ցանկությամբ: Իսկ պարոն Փաշինյանը, վստահաբար, հիմար չի, ու Փաշինյանի խոսքն էլ հիմարի խոսք չէր: Ավելին, ինձ համար, որպես ՀՀ միջին վիճակագրական շարքային քաղաքացու՝ տպավորիչ էր, ազդեցիկ էր, խոսուն էր, էմոցիոնալ էր, ինչ-որ տեղ սրտիցս էր: Որովհետև պարոն Փաշինյանը լա՛վ գիտի, թե ի՞նչ է ուզում լսել միջին վիճակագրական շարքային քաղաքացին: Որովհետև առաջին հայացքից չի՛ կարելի չծափահարել Փաշինյանին՝ զուտ միայն ելույթի հռետորաբանության, դիպուկ ընտրված տռենդի համար:

Բայց մի՞ թե առաջին տպավորությունը խաբուսիկ չի լինում: Մի՞ թե բոլոր պերճաշուք ածականները, հոլովումները, պարագաներն ու խնդիրները ելույթից հանելուց հետո տաշտում չի մնում ենթական ու ստորոգյալը՝ «ծրագիրն» ու «իրականացնելը»՝ ա՛յն, ինչի համար իրականում «հավաքվել էինք»: Մնում է, պարո՛ն Փաշինյան: Որովհետև պերճաշուք ածականներն ու մնացյալը՝ դրանք բոլո՛րս ենք սիրում, դրանք այն բարի ցանկություններն ու նպատակներն են, որոնք բոլո՛րս ունենք, դրանք այն ամենն են, որտեղ մենք՝ քաղաքացիներս, ու դուք՝ մեծամասնության ներկայացուցիչներդ, հակադարձվելու, մի գծից շեղվելու խնդիր չունենք: Մեր ճամփաբաժանը Ձեր ենթակայի ու ստորոգյալի մեջ էր, պարո՛ն Փաշինյան, Ձեր ծրագրի ու դա իրականացնելու հնարավորության մեջ էր, հասկանու՞մ եք: Վստահ եմ, հասկանում եք: Ուղղակի պոպուլիզմն եք ընտրել Ձեր մշտական առհավատչյա, Ձեր 10 ամսվա ամփոփ ուղեկից, ոչ թե ռացիոնալիզմը. այդքանը:

Ուրեմն թող լինի այդպես: Ու դա Ձե՛ր խնդիրն է, պարո՛ն Փաշինյան՝ ծրագրում կլինի բովանդակությու՞ն, թե՝ կենաց: Կլինեն թվե՞ր, թե՝ ճառեր: Կլինեն ժամկետնե՞ր, թե՝ խոստումներ: Այսպես ասած ճաշակի հարց է, ընդամենը: Որովհետև թե՛ միջին վիճակագրական շարքային քաղաքացին, թե՛ միջին վիճակագրական այլ քաղաքացի՝ իր համար ունի թե՛ թվերը, թե՛ ժամկետները, որոնցով Ձեզանից պահանջելու է թե՛ այդ կենացները, թե՛այդ ճառերը, թե՛ խոստումները: Պարզապես չե՛ք կարողանալու հաշվետու լինել քաղաքացու՝ երջանկությունը չափելու պահանջին: Պարզապես չե՛ք կարողանալու փռշտալ, ու երկիրը ցնցել: Որովհետև Դուք ընտրել եք պոպուլիզմը: Ու դա շուռ եք տալու հենց Ձեր դեմ, պարոն Փաշինյան:

Ու թույլ տվեք սուբյեկտիվ ափսոսանքս հայտնել, ԱԺ ամբիոնից գոռռռացող ու մատ թափ տվող պետության ղեկավար դարձած - լրագրող մնացած վարչապետ տեսնելու կապակցությամբ: Որովհետև այն, ինչ չի սպանել Ձեզ, ցավոք, չի էլ ուժեղացրել: )»

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: