«Փետրվարի 14-ին ՄԻԵԴ-ի 6 վճիռներով սեփականության և այլ գուքային իրավունքների խախտումներ են ճանաչվել Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից գյուղատնտեսական նշանակության հողատարածքները «հասարակության և պետության կարիքների» համար հարկադրաբար օտարելու գործերով»,- Facebook-ում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը և հավելել, որ սրանք հողատարածքներ էին, որոնք հանդիսանում էին գյուղացիների ապրուստի միակ աղբյուրը՝ ինչպես և արձանագրել է ՄԻԵԴ-ը։

Իրավապաշտպանը ՄԻԵԴ վճիռները հակիրճ ներկայացրել է հետևյալ կերպ«Հայաստանի Հանրապետության ամբողջ դատական իշխանությունը՝ իր եռաստիճան համակարգով և հարյուրավոր դատավորներով ի վիճակի չի եղել երաշխավորել այս գյուղացիների տարրական իրավունքների պաշտպանությունը։ Վերջիններիս իրենց կամքին հակառակ սեփականազրկելու պարագայում նույնիսկ, այս համակարգն այն աստիճան անողնաշար և անսկզբունք է գտնվել, որ այս մարդկանց համար չի ապահովել իրենց չնչին ապրուստի միջոցի աղբյուր հանդիսացող հողատարածքների արժեքի բավարարումը ահռելի ֆինանսական կարողությունների տիրապետող հանքարդյունաբերողի հետ վեճերում։

Այն փոխհատուցումը, որ ՄԻԵԴ-ը վճռել է այս ընտանիքների համար, չնչին գումարներ են համեմատ այն ֆինանսական ներդրումային հնարավորությունների, որոնց տիրապետել է հանքարդյունաբերող կազմակերպությունը։ Բայց, այդ տարբերությունը նկատել են հայաստանյան կոնտեքստից հեռու 3 միջազգային դատավոր, մինչդեռ հայաստանյան դատարանների ջայլամաբարո կեցվածքի բերումով այս՝ սենյակի մեջտեղում մեծ փղին չեն նկատել հայաստանյան դատավորները։

Այս գործերով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել այս գյուղացիական ընտանիքներին մոտ 70.000 եվրո գումար։ Սա, իհարկե, այս ընտանիքների կրած ամբողջ վնասը չէ, սակայն այս ընտանիքների գործերի վերաբացման համար ՄԻԵԴ վճիռները իրական հնարավորություն են։

Գյուղացիներին պատճառված վնասը հատուցելու է Կառավարությունը, բայց ես վստահ չեմ, որ այս տեսակի գործերով պետությունն այլևս կարող է իրեն թույլ տալ առաջին հերթին քաղաքացիների սահմանադրական իրավունքներին, ապա նաև՝ պետական բյուջեին հասցված վնասի վրա աչք փակելու շռայլությունը։ Այս ամենաթողությունը պետք է լուծում ունենա։

Այս գյուղացիները միայն փոքրաթիվ մասն են հազարավոր այլ՝ նման անիրավություններից տուժած քաղաքացիներից։ Նրանք, ընդամենն ի վիճակի են եղել իրենց պատճառած վնասի մասնավոր հատուցման հասնել Karen Tumanyan-ի նման իրավական խորհրդական ունենալով»։

Վահե Գրիգորյանը նկատում է, որ քաղաքացիների գույքի հարկադիր օտարման գործերի խումբն անխուսափելիորեն պետք է մտնի անցումային արդարադատության տիրույթ։ Ինչպես նաև այսպիսի իրավիճակների հանգեցրած պաշտոնյաների վարքի իրավական գնահատականը։