Փետրվարի 18-ին Նովգորոդում կմեկնարկի Ռուսաստանի Դաշնության գեղասահքի գավաթի խաղարկությունը: Աշխարհի առաջնության նախաշեմին այն հավաքականի կազմում շտկումներ անելու վերջին հնարավորությունն է, ինչը հաջող մասնակցության դեպքում Եվգենյա Մեդվեդևային հնարավորություն կտա բաց չթողնել ավարտվող մրցաշրջանի ամփոփիչ առաջնությունը: Ազգությամբ հայ մարզուհու մրցակիցները կլինեն օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Զագիտովան, որն ընթացիկ մրցաշրջանում ամենակայուն արդյունքներն ունի, Եվրոպայի նորաթուխ չեմպիոն Սոֆյա Սամոդուրովան և, իհարկե, Ելիզավետա Տուխտամիշևան, որը հիվանդության պատճառով բաց թողեց աշխարհամասի առաջնությունը:

Ռուս հանրահայտ պարուսույց Իլյա Ավերբուխը կարծում է, որ բարձր մրցակցության պատճառով մարզական խորհուրդը խիստ դժվարանալու է հավաքականի կազմի կողմնորոշման հարցում, ու այդ դիլեմայի հեղինակը կարող է դառնալ Եվգենյա Մեդվեդևան: Նա նշել է, որ այս պահին Մեդվեդևայի մարզավիճակի մասին կարելի է ընդամենը գուշակել, սակայն, նա ակնհայտորեն հավաքական վերադառնալու ակնկալիքներ ունի. «Ես համոզված եմ, որ ներկայումս նրա բոլոր ուժերն են ի սպաս դրված աշխարհի առաջնության նախապատրաստմանը»: