Պարզից էլ պարզ է, որ Անգլիայի պրեմիեր լիգայի շրջանակում «Մանչեսթր Սիթիից» կրած խայտառակ (0:6) պարտությունը «Չելսիի» ղեկավարությունը չէր ներելու թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին և եթե նրան զբաղեցրած պոստից հեռացնելու հարցը չանի տաք հետքերով, կանի առժամանակ անց, մանավանդ որ այս թիմի գլխին կանգնած ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչն ավելորդ նրբությունների սիրահար չէ:
The Sun-ի տեղեկացմամբ, «թոշակառուների» ղեկավարությունը պատրաստվում է Լոնդոն հրավիրել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Զիդանի Լոնդոն ժամանումը կնպաստի նաև նրան, որ թիմի կիսապաշտպան Էդեն Ազարն ակումբը փոխելու հարցում մտքափոխ կլինի և գործող պայմանագիրը կերկարացնի: Այսպես դատելու հիմք կա, քանզի բելգիացին բարձր է գնահատում Զիդանի աշխատանքը: Նա մի քանի անգամ շեշտել է, որ շատ է ցանկանում աշխատել ֆրանսիացու հետ: