«Թեև կառավարությունն իր առջև նպատակ է դրել իրականացնել «տնտեսական հեղափոխություն», սակայն ծրագիրը չի պատասխանում, թե ինչ է հասկացվում այդ եզրույթի տակ, ինչպես է այդ «հեղափոխությունն» իրականացվելու և ինչ արդյունք է այն արձանագրելու։ Տնտեսության տարեկան 5% ակնկալվող աճը, որն արձանագրված է ծրագրում, բավարար չէ կառավարության տնտեսական քաղաքականությունը հեղափոխական կոչելու համար»,- ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ։

Արտախորհրդարանական ուժերը՝ այդ թվում նաև ՀՅԴ-ն, ուշադիր հետևում են կառավարության վարած արտաքին և ներքին քաղաքականությանը, հաճախ հնչեցնում են սուր քննադատություններ, ուստի զարմանալի չէ, որ կառավարության ծրագիրը նույնպես ենթարկվել է մանրակրկիտ ուսումնասիրության և արժանացել քննադատության իր չափաբաժնին։ Մասնավորապես ՀՅԴ հայտարարության մեջ, հղում կատարելով իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին և հանձնառություններին, նշվում է, որ կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի բարեփոխումներին, անմիջական ժողովրդավարությանը, մամուլի և խոսքի ազատությանը, ընտրական համակարգին, սուպերվարչապետության վերացմանը։ Ասվում է, որ մի կողմից անտեսվել են խոստացված բարեփոխումները, մյուս կողմից՝ փորձ է արվում կառավարությունը փոխարինել վարչապետով՝ «գերկենտրոնացնելով կոլեգիալ կառավարման մարմնի լիազորությունները, ինչը կարող է վտանգել երկրի ժողովրդավարական զարգացման հեռանկարը»։

Նշվում է նաև, որ ծրագիրը բավարար անդրադարձ չի կատարել ազգային անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորման մեխանիզմներին։

Կուսակցությունը բացթողումներ է տեսնում երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման և Սփյուռքի հետ կապերի ոլորտում«Նեոլիբերալ գաղափարախոսությունից բխող, կրավորական սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, հակասելով Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական տնտեսակարգին, չի կարող Հայաստանում անհրաժեշտ տնտեսական զարգացում և սոցիալական արդարություն ապահովել։ Ազգային արդյունքի բաշխման և սոցիալական արդարության հիմնահարցերի անտեսումը մեծացնելու է հասարակության բևեռացումը, խորացնելու է հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող անդունդը՝ վտանգելով հասարակության համերաշխությունը»։

ՀՅԴ եզրահանգումը հետևյալն է՝ ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու և հանրությանը հաշվետու չլինելու մոտեցմամբ՝ հակասելով իշխող ուժի բազմիցս հնչեցրած հավաստիացումներին։ Ծրագրում բացակայում են կոնկրետ թիրախներ, հանրային կյանքի որակի բարելավումը բնութագրող նպատակադրումներ և ժամկետներ, գերիշխում են դեկլարատիվ բնույթի հայտարարություններ։ Այն պարունակում է ներքին հակասություններ ունեցող բազմաթիվ մտքեր։