Փետրվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամեդին։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից տիկին Մոհամեդին ներկայացվեցին Հայաստանում հետընտրական վերջին գործընթացները՝ հիշատակելով նաև ընտրությունների նախապատրաստական փուլում ՄԱԿ-ի կառույցների և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ Հայաստանի կառավարության արդյունավետ փոխգործակցությունը։

Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալն էլ իր հերթին շնորհավորեց Հայաստանում դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային բարձր չափանիշներին համապատասխան անցկացնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանում տեղի ունեցած զարգացումները ՄԱԿ-ի համար ոգեշնչվող և հուսադրող օրինակ են։

Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների ընթացքին, կայուն զարգացման և նորարարությունների ոլորտում ՄԱԿ-ի և Հայաստանի համատեղ օրակարգին, այդ թվում Տնտեսական և սոցիալական խորհրդին Հայաստանի անդամակցության համատեքստում՝ ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից նշվեց, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է կայուն զարգացման օրակարգի ազգայնացմանն ու արդյունավետ իրականացմանը՝ առաջնահերթ կարևորություն տալով օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և խրախուսմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը։

Մհեր Մարգարյանը գշխավոր քարտուղարի առաջին տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ զարգացումները և հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները։ Երկուստեք ընդգծվեց բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղարի անվերապահ, շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը։