Համացանցը լավ հնարավորություն է արտահայտվելու և սեփական վերաբերմունքն այս կամ այն հարցի վերաբերյալ արտահայտելու համար, թեպետ տվյալ դեպքում հարցը ոչ այլ ինչ է, քան կարևորագույն՝ կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրի ԱԺ քննարկումը, ինչին, հաստատ չեմ ստի, ոչ էլ կչափազանցեմ եթե ասեմ, որ սպասում էինք ազգովի։ Համոզված եմ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ էր սպասում, բայց ակնհայտորեն կամ վարչապետի ելույթն է ձանձրացրել, կամ էլ ոգեշնչվել է Փաշինյանի՝ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի մասին կատարված հիշատակումից։ Վերջինս չի հապաղել և Facebook-յան էջում «վերհիշել» է Սևակի «Անկեղծ ասած» բանաստեղծությունը, կամ էլ հստակ ներկայացրել է իր այդրոպեական հոգեվիճակը։ Իհարկե, չեմ պնդում հոգեվիճակի պահը, միգուցե դա միայն իմ կասկածախառն ենթադրություններն են։ Ամեն դեպքում... ստորև վայելեք հանճարեղ գրողի բանաստեղծությունից մի հատված․

Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ․
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
Վատըդ թողած, լավըդ թվել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնըված, չեղած մի դուռ։
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր։
Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, և ոչ էլ կար։
Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Այն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։
Ճիշտ ճամփից ես միայն շեղել։
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչինչ, ոչինչ։
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։