Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում խոսել է հայ-ռուսական հարաբերություններից, ինչպես նաև ՌԴ-ի կողմից Հայաստանին վաճառվող գազի գնից։ Մասնավորապես նա նշել է, որ ռուսական գազի մատակարարումն իրականացվում է համաշխարհային գների համեմատությամբ արտոնյալ գնով, որը սահմանվել է պայմանագրով: Նկատենք, որ վերջին շրջանում Հայաստանում ևս շատ է քննարկվում այն հարցը, թե արդյոք առաջիկայում գազի գինը սպառողների համար կթանկանա։ Վարչապետ Փաշինյանը ավելի վաղ շեշտել էր, որ երկրի ներսում գինը չի փոխվի։

«2018թ. դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև առքուվաճառքի պայմանագրի ժամկետի ավարտից հետո ստորագրվեց պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիր, որի համաձայն, Հայաստանի համար 2019թ. գազի գինը սահմանվել է 1000 խորանարդ մետրի համար 165 դոլար: Հարկ է նաև հաշվի առնել, որ ռուսական արտահանողի կողմից չի իրականացվել գազի գնի վերահաշվարկ՝ կախված կալորիականությունից», -շեշտել է Կարասինը՝ նկատի ունենալով այն, որ իրենց կողմից մատակարարող բնական գազն առանձնանում է բարձր ջերմախտությամբ: Կարասինը պարզաբանել է, որ դա իրենից ներկայացնում է լրացուցիչ առևտրային զեղչ, որն արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունների միութենական բնույթը:

«Ռուսաստանի կողմից գազի մատակարարումները (տարեկան 2 մլրդ խորանարդ մետր) լիարժեք ապահովում է հանրապետության կարիքները»:
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, Կարասինի փոխանցմամբ՝ երկու երկրների միջև միութենական հարաբերությունները կրում են մասշտաբային բնույթ բոլոր ոլորտներում և չեն սահմանափակվում ռուսական գազի գնի ձևավորման հարցերով:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ