Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ ելույթի ժամանակ ընդգծել է, որ Իրանը կշարունակի իրականացնել հրթիռային ծրագիրը՝ չնայած միջազգային հանրության կողմից Իրանի նկատմամբ տնտեսական և քաղաքական ճնշումներին. «Մենք տարբեր տեսակի հրթիռներ մշակելու համար թույլտվություն չենք խնդրել և չենք խնդրի: Մենք կշարունակենք մեծացնել մեր ռազմական հզորությունը: Իրանի ժողովուրդն ունի և կունենա տնտեսական որոշ դժվարություններ, սակայն մենք կհաղթահարենք խնդիրները՝ մեկս մյուսին օգնելով»:

Իրանի ավելի քան 1000 քաղաքում և 10 հազար գյուղում մարդիկ արդեն քանի օր է տոնում են 1979թ. Իսլամական հեղափոխության 40-ամյակը: Միջոցառումների մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիին, որի ղեկավարած շարժումը հաղթանակ տարավ շահի իշխանության դեմ: Իրանում հեղափոխության տոնախմբությունները նշում են ամեն տարի: Դրանք տևում են շուրջ 10 օր:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ