Երկու ընկեր իրար իրենց սիրային արկածներից են պատմում: Էն մեկը թե՝ «Գործս 50 տոկոսով եղել է»: «50 տոկո՞սը ո՛րն է», -ապուշ է կտրում ընկերը: «Ես համաձայն եմ, աղջիկը՝ չէ», -պատասխանում է «50 տոկոսանոց սույն երջանիկը»: Ու էդ պատմությունը կարծես կրկնվում է. հեղափոխության կարգախոսի հռչակած առաջին «պունկտը»՝ «սերը», նորերը հներին մերժելուց հետո հներին առաջարկեցին, բայց հները, քանի որ իրենց մերժեցին, իրենք էլ նորերի՛ն հիմա մերժեցին, ասին՝ ինչքան ուզում եք սիրեք, մենք ձեզ չենք սիրում, դուք մեզ համ մերժում եք, համ սեր եք առաջարկո՞ւմ: Դե որ մերժեցիք, մենք էլ ձեզ ենք մերժում:

Ինչ վերաբերում է երկրո՛րդ «պունկտին»՝ «հանդուրժողականությա՛նը», ապա դրանից հները չհրաժարվեցին, և այդ հանդուրժողականության արդյունքում հիմա «ռևանշիստական» ծրագրեր են բացեիբաց հրապարակում: Ու եթե էդ հանդուրժողականության պայմաններում սկզբում վախվորած էին, ապա կամա՜ց-կամա՜ց ինքնավստահությունն էկա՜վ, էդ վախվորածության տեղը սիրո՜ւն բազմեց՝ իրա տիրոջ կողքին, ու հիմա տերը, բազմոցին փռված, «լայվ մտնում», հանդուրժողներին, դնում, ձեռ է առնում:

Հները ախր բնավ մեղավոր չեն. իրենք ժամանակին էդ ժողովրդավարությունը հռչակել էին, բայց տեղյակ չէին, թե ինչ լավ բան է դա: Իսկ հիմա տեսան, թե ինչքան լավ բան է:

Տեսար՝ գործերդ լավ չե՞ն, հիշում ես, որ արդեն ժողովրդավարություն է, ու նախահարձակ ես լինում ու գործերդ, արդեն ոչ թե վախվորած, այլ արձա՜կ, համարձա՜կ, ես կասեի՝ սանձարձա՜կ ես առաջ տանում: Հլա թող փորձի՜ մեկը՝ բան ասի, ՄԻԵԴ-ին կասի, իրան բան ասողը իրա վնասը կփոխհատուցի: Բայց քանզի իր վնասը ոչ թե նյութական, այլ բարոյակա՜ն վնաս էր, ուրեմն, ջա՜ն, փաստորեն, պարզվում է, բարոյականությունն է՜լ շատ ընտիր բան է, փաստորեն, պարզվում է, որ բարոյականությունն է՜լ ահագինփող է:

Մի խոսքով՝ սերը կտրական մերժվեց, իսկ հանդուրժողականությունը, հակառակ, փթթեց ու բարգավաճեց: Նե՜նց բարգավաճեց, որ եթե մի քիչ էլ էս տեմպերով բարգավաճի, երկիրը դժվար էլբարգավաճի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ