Սկսվե՜ց Որովհետև ո՞նց կարող էր պատահել, որ մեզանում, ի տարբերություն ամեն անգամվա, էս անգամ հանկարծ բացառություն կազմեր ու նորիցչսկսվեր:
Թեպետ,
մյուս կողմից էլ, բա գիտեիք՝ էդքան հեշտ էին համակերպվելո՞ւ: Մտքներիցդ հանե՜ք. նո՜ր-նո՜ր է սկսվում: Երկրորդ շնչառության ֆենոմենի մասին լսե՞լ եք, ա՛յ էդ է բացվում:

Երբ նոկդաունից հետո, «սիրո և համերաշխության» հովվերգական սկզբունքով, դիմացինիդ ձեռքդ ես մեկնում, օգնում, որ կանգնի, թողնում ես, որ նորից կորով հավաքի, ա՛յ այդպես է լինում: Ոտքի է կանգնում, դադարն օգտագործում, առաջին՝ սպառվա՛ծ շնչառությունը ծալում, մի կողմ դնում, երկրո՛րդն է բացում, ուշքի է գալիս, զգոնությունդ կորցնել տալիս, ու ուղի՛ղ ներքևի ծնոտիդ՝ ուղիղ նոկաուտ անելու ամենահարմար, ամենաճիշտ տեղին, տակից մի հատ սիրունապերկոտ է գալիս:

Տեսա՞ք՝ ինչ արին ու ինչպե՜ս արին: Ի՜նչ ռեսուրս ունեին, տեսա՞ք՝ միանգամից ո՜նց գործի գցեցին: Իսկ հարվածները ստացողն էլ, շփոթված, սխալը սխալի հետևից անում, էդ ուշքի եկածին էլ ավելի է իր վրիպումներով էդպես քաջալերում, պատրվակ պատրվակի վրա շռայլ մատուցում, ուշքի եկածին լրիվ սանձարձակ սարքում ու դեռ զարմանում, թե էս ի՜նչ եղավ: Էսօր՝ մի հատ զուր բացած «զոնթիկ», վաղը՝ մի հատ ուշ փակած բերան, արդյունքում, մեկ էլ տեսար՝ էլ ոչ բացելու բան կա, ոչ փակելու բան, քանզի հարցերը լրիվ բացվեցին էլ արդեն, փակվեցին էլ արդեն:

Հա՛, համաձայն եմ, դիտմամբ չի եղել, միամի՜տ, առա՜նց հասկանալու է եղել: Է դուք էլ, դրեք, անհասկանալիի տեղ հասկանալի՛ բաներ արեք: Անհասկանալի բան ինչո՞ւ եք անում: Ինչո՞ւ եք դեռ երեկ վախից եսիմ որտեղ դրանց թաքցրած լեզուները նորից իրենց տեղը դնում՝ առավել երկարած, առավել հնչեղ: Դուք խորհրդական, օգնական չունե՞ք, որ ձեզ վռազ հուշի, թե ի՛նչ, առաջին հերթին, չանե՜ք, որ անցնեք ձեր բո՛ւն, ձեր էն գլխավո՛ր, էն հանդիսավո՛ր ձեր խոստումների բուն կատարմանը: Համաձայն եմ ու երկու ձեռքով՝ կողմ, որ 20 տարվա չարածը 20 օրում պահանջելը երեսպաշտություն է: Բայց այ հենց է՛դ բանը մարդկանց հասկացրեք. դա հասկանալի՛ բան է, կհասկանա՛ն: Հասկանալի բան, ինչքան ուզում եք, արե՜ք, միայն թե անհասկանալի՛ բան այլևս մի՜ արեք:

Դրանց բերանը նորից փակելու, դրանց վերստին աճած էդ լեզուն նորից պոկելու մի՛ տաբերակ կա. մի հատ զգալի արդյո՛ւնք ցույց տվեք: Մի հատ հրապարակային ձեր էդ սխալվածներին հանդիմանե՛ք, որ մարդիկ տեսնեն, որ դուք էդ բոլորը նկատում եք ու միջոցներ եք իսկույն ձեռք առնում: Կա՛մ: Մի հատ ինքներդ ձեզ հարց տվեք, թե երբ նահատակների շիրիմներն էդ նույն անձրևի տակ թրջվում էին, էդ ժամանակ դուք իրենց առաջ արդյո՞ք իրավունք ունեիք ձեր գլխին հովանոց պահելու ու էդ պահելու համար էլ հլա մի հատ հատուկ «մասնագետ» պահելու: Ի՛նչ խղճով ու ի՛նչ խելքով էիք էդ հովանոցը պահում ու պահել տալիս: Էդ մարդիկ հովանոցով էի՞ն Հայրենիքի համար երեկ մարտնչում՝ ոչ թե անձրևի, այլ գնդակների՛ տարափի տակ:

Պուտինին հիշո՞ւմ եք՝ Անհայտ զինվորի հուշարձանի առաջ գլուխ խոնարհած. էն ժամանակ էլ անձրև էր գալիս, էն էլ ի՜նչ անձրև. մեկը կփորձե՞ր՝ իրա գլխի վերև մի հատ «զոնթիկ» փռեր.կտար, էդ փորձողի՜ն տեղում կփռերԱխր ցավս գալիս է, ախր արդեն ծեփված նե՜նց բերաններ եք վերստին բացում, որոնք ձեր էդ ամեն վրիպում տեսնելիս աշխարհով մեկ են լինում, վերջապես բան են գտնում, որ խոսեն: Հասկանո՞ւմ եք նրանք, ովքեր մկան ծակին մի ողջ կարողություն էին մինչև էս վերջերս տալիս, որ էդ ծակը մտնեն ու պատսպարվեն, դրանք դուրս եկել իրենց ծակերից, սրտները փառավորված, էլի իրենց էն հին ամբարտավան տոնով հռետորություն են սկսել անել, ժողովրդի աչքի մի-մի փուշ՝ էսօր ծաղկե՜լ, ժողովրդավարության լեկցիա են ամեն օր կարդում

Ամփոփե՛մ: Դուրս եկավ, որ ներսից՝ անգիտակցաբար իջած հարվածները բնավ չեն զիջում դրսից՝ գիտակցաբար իջած հարվածներին: Եւ ուստի լավ կանեք՝ ուշքի գաք, ու լավ կանեք՝ ձեր շարքերը կարգի հրավիրեք: Ո՛ր մի վազին անկապ աճած մատ կա, մի հատ լա՜վ էտեք, որ վաղը բերք տաք, թե չէ էդպես վաղը շա՜տ-շա՜տտոլմա փաթաթեք: Լավ կանեք՝ ներսում մի հատ խիստ «ատեստացիա՛» անեք, դրսում մի հատ խիստ «ռեստավրացիա՛» անեք: Գլխներիդ սառը ջո՞ւր լցրին. ոչի՛նչ, դրանից համ էլ մի հատ կսթափվեք: Սթափվե՛ք, աչալո՛ւրջ այսուհետ եղեք, քանզի նա, ով ռևանշն էն ժամանակ սկի երազում չէր համարձակվում՝ տեսնի, հիմա բացահայտ գլուխ է գովում, որ ռևանշի է ինքը դուրս եկել:
Էդ
մենք ենք, որ սրտի ցավո՛վ ենք էս ամենը նկատում, իրենք էդ բանը սրտի թրթիռով ու խինդով են նկատում ու դրանից ոչ թե մեզ պես ցնցվում, այլ ցնծո՜ւմ, ցնծո՜ւմ

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ