ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այսօր ամփոփել է «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարված կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթը: Շնորհավորելով հաղթողներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Անցած շաբաթ մեկնարկել է «Ապահով համացանց» միջոցառումների շարքը, որոնց նպատակն է դասախոսությունների միջոցով աշակերտներին սովորեցնել այն հմտությունները, որոնք թույլ կտան հրաժարվել և խուսափել անցանկալի բովանդակությունից և պաշտպանվել կիբերհարձակումներից: Կարծում եմ, որ այս կանոններին պետք է հետևել ողջ տարվա ընթացքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մրցութային հանձնաժողովին, քանի որ իսկապես դժվար է եղել ստացված 170 հայտից ընտրել լավագույն 5 տեսանյութերը: Ուրախ ենք, որ հաղթողների շարքում տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ են՝ աշակերտներ, պատանիներ և երիտասարդներ»:

Լավագույն հինգ տեսանյութերի հեղինակներին նախարար Արայիկ Հարությունյանը հանձնել է ԿԳՆ շնորհակալագրեր, ինչպես նաև մրցանակներ, որոնք տրամադրել էին UCOM ընկերությունը և STEM միությունը:
Նշենք, որ տեսանյութի թեման պետք է կապ ունենար կիբերանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչև երեխաների դեմ կիբերհալածանքների (cyber bullying) դեմ պայքար։ Մասնակիցների առավելագույն տարիքն էր՝ 25 տարեկան: Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ինչպես նաև կտեղադրվեն ԿԳՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում:
Լավագույն տեսանյութերի հեղինակներն են՝
Մանգասարյան էլեն- ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի
Խաչատրյան Մերի-ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի
Արևշատյան Շուշան- ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի
Դավիթ Դավթյան- Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանի (ՄԻՖԻ) ուսանող
Հայկանուշ Հովհաննիսյան- CoderDojo նախագծի ծրագրի համակարգող: