Վիտալի Բալասանյանն առաջիկա օրերին քաղաքական կոնսուլտացիաներ կսկսի 2020թ. ԱՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվելու համար՝ տեղեկացնում է «Արցախպրեսը»։

ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշել է, որ պատրաստվում է հանդիպումներ ունենալ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև կայցելի համայնքներ՝ «քննարկելու 2020 թվականին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու նպատակահարմարությունը», քանի որ իր համար կարևոր է ունենալ հանրության «լայն հավանությունը»։

Բալասանյանի խոսքով՝ նախկինում մասնակցելով նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ներկայացրել է երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և անվտանգությանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասն այսօր էլ կենսական նշանակություն ունեն։ Այդ ծրագրերի հետ միասին ժողովրդին կներկայացվեն նոր գաղափարներ։ Հասարակության կողմից աջակցության արժանանալու դեպքում, Վիտալի Բալասանյանը կմասնակցի նախագահական մրցապայքարին։