Արփինե Հովհաննիսյանը դադարեցնում է անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և այս փուլում ընտրում է գործունեության նոր տեսակներ՝ այս մասին նա համացանցային գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է․«Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատասխանատու պահերին ամենավատ որոշումը, որ կարելի է կայացնել, ուղղակի դիտորդի դերը ստանձնելն է։ Չեմ արել դա նախկինում, չեմ անելու նաև այժմ։ Դա է պատճառը, որ լսելի լինելու, երկրում կատարվող իրադարձություններին արձագանքելու համար ես ընտրում եմ գործունեության հետևյալ տեսակները․

* Անցած շաբաթ ստացա փաստաբանական գործունեության արտոնագիրս և կմիանամ այն փաստաբանների հանրույթին, որոնք չեն ընկրկում պաշտպանել իրենց վստահորդներին՝ անկախ հասարակական տրամադրություններից՝ գիտակցելով, որ իսկական իրավական պետությունը կարող է կայանալ այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ունի պաշտպանության և իրավունքի իրացման բոլոր հնարավորություններն ու երաշխիքները։

* Անցած շաբաթ հիմնադրել եմ հասարակական կազմակերպություն։ Մեր նպատակն է լինելու վերահսկել երկրում տեղի ունեցող գործընթացները, վերհանել խնդիրները, բայց դրա հետ միասին առաջարկել լուծումները։ Մեր տեսլականն այն է, որ կրթության և անաչառ, կշռադատված վերահսկողության միջոցով մենք ի զորու ենք արձանագրել փոփոխություններ մեր երկրում։ Մենք պատրաստ ենք մեր թիմում ընդգրկել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է և պատրաստ են իրենց ջանքերը ներդնել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

* «Դավիթ և գործընկերներ» խորհրդատվական ընկերությունում իրականացնելու եմ մասնագիտական գործունեություն՝ գործընկերոջ կարգավիճակով։ Այս ընկերությունը իր տեսակով, թիմով ու գործունեության ձևաչափով եզակի է մեր երկրում։ Մասնագիտացած լինելով գործարարության, ներդրումների ոլորտներում և գործունեության առանցք սահմանելով իրավական ոլորտում համալիր քաղաքականությունների մշակումը՝ ընկերությունն ընդգրկում է լայն ոլորտներ՝ հարկային բնագավառից մինչև մտավոր սեփականություն։ Մենք կարծում ենք, որ որակյալ ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են ստեղծել իրական արժեքներ, փոխել մեր երկրի գործարար և ներդրումային միջավայրը։

* Շարունակելու եմ նաև իմ ակտիվ դասախոսական և գիտամանկավարժական գործունեությունը։ Բացի ավանդական առարկաներից իմ կողմից մշակվել են նաև երկու հեղինակային դասախոսությունների կուրսեր, որոնք ներկայացնելու համար արդեն իսկ ստացել եմ հրավերներ մի շարք բուհերից։

...Այս ամենը հաշվի առնելով՝ ես որոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Կուսակցական գործընկերներիս հաջողություն եմ մաղթում առաջիկա շրջափուլերում։

Հ.Գ. Շատ շունով առավել մանրամասն կներկայացնեմ հասարակական կազմակերպության գործունեության հիմնական նպատակները, ուղղությունները և կազմակերպության գործունեության վերաբերյալ մեր տեսլականը»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: