Իրանցի լրագրող Սահակ Շահմուրադյանն իր հոդվածներից մեկում առաջարկով է հանդես եկել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Շահմուրադյանն առաջարկում է փետրվարի 27-ին Իրան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում, բացի Իրանի պետական պաշտոնատարների հետ հանդիպումներից, նաև ոչ պաշտոնական հանդիպում անցկացնեն իրանահայ գործարարների, արհեստավորների, ներդնողների, արդյունաբերական բաժնում աշխատող գործարարների, անկախ լրագրողների, արվեստագետների և հայ հասարակության ակտիվիստների հետ. «Նման հանդիպումն անկասկած կարող է շատ ավելի արդյունավետ ու օգտաշատ լինել իրանցի և իրանահայ տնտեսվարողներին ուղղորդելու և քաջալերելու Հայաստանում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև հայ գործարարների միջև առևտրային կապերի հաստատման և ամրապնդման գործում»:

Իրանցի լրագրողը փաստում է, որ, պրոտոկոլային սովորության համաձայն, նման հանդիպումներ նախկինում էլ են եղել, սակայն դրանք ոչ մի արդյունքի չէին հանգեցնում։ Լրագրողը մասնավորապես նշում է Հայաստան-Իրան համատեղ ենթակառուցվածքային ծրագրերը. «Անկասկած նման հանդիպումները մնում են միայն ձևական դաշտում և համայնքային պատասխանատու մարմինները կա՛մ կարևորություն չեն տալիս իրանահայ տնտեսվարողների՝ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը, կա՛մ էլ փորձում են միայն հատուկ շրջանակների և կուսակցական մարմիններին և ազգային հաստատություններին մոտ կանգնած ոչ պրոֆեսիոնալ անձանց համար հնարավորություն ստեղծել հարաբերվելու Հայաստանի իշխանությունների և պետական պատասխանատուների հետ՝ ապահովելով իրենց նեղ կուսակցական կամ խմբակցային շահերը»:

Լրագրողի խոսքով՝ այժմ, երբ Հայաստանում իրավիճակ է փոխվել, ամեն ինչ կարող է այլ կերպ դասավորվել։ Այն, որ ներկայումս մեծ թվով իրանահայեր երկքաղաքացիության կարգավիճակով բնակվում են Հայաստանում և անընդհատ կապի ու հաղորդակցության մեջ են ծննդավայր Իրանի հետ, իսկ ոչ այնքան պակաս իրանահայ գործարարներ, արհեստավորներ, արդյունաբերողներ, փոքր և միջին առևտրականներ շահագրգռված են սեփական արտադրամաս ստեղծել Հայաստանում, չպետք է անտեսել, ասում է Շահմուրադյանը. «Նրանց պետք է պետական մակարդակով օգնել և տեղեկացնել Հայաստանում սեփական աշխատանք ստեղծելու պայմանների ու հնարավորությունների վերաբերյալ»:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ