Արծրուն Հովհաննիսյանը արձագանքել է որոշ «մտահոգ» գործիչների, ինչպես նաև միջազգային գործընկերների «մտահոգություններին» և ներկայացրել է պարզաբանումներ ՀՀ կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկված հումանիտար մասնագետների և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմի վերաբերյալ։ Վերջինս գրել է. «ՀՀ ՊՆ-ը ներկայացնում է այս պարզաբանումը՝ հաշվի առնելով հումանիտար ականազերծման կենտրոնի ներգրավվածությունը, մարդասիրական առաքելությանը։ ՊՆ-ը հանդիսանում է այդ կենտրոն ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը։

Տեղեկանք

* ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությունների միջև 2001թ. օգոստոսի 27-ին կնքվել է համագործակցության մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր),

* Համաձայնագիրը սահմանված կարգով վավերացվել է 2002թ. փետրվարի 4-ին և ուժի մեջ է մտել 14.02.2002թ.

* Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթները սահմանում են, որ Կողմերը փոխադարձ պայմանավորվածության դեպքում կարող են համագործակցել նաև այլ բնագավառներում.

* «Միջազգային պայմանագրերի մասին իրավունքի մասին» կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3-րդ «Մեկնաբանման ընդհանուր կանոնը» վերտառությամբ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝

«Համատեքստի հետ միաժամանակ հաշվի են առնվում.»

ա) պայմանագրի մեկնաբանման կամ դրա դրույթների կիրառման վերաբերյալ մասնակիցների միջև հետագա ցանկացած համաձայնություն,

բ) պայմանագրի կիրառման հետագա պրակտիկան, որը սահմանում է դրա մեկնաբանման վերաբերյալ մասնակիցների համաձայնությունը,

* Վերը նշվածն ուղղակիորեն ամրագրում է կողմերի իրավասությունը մեկնաբանելու Համաձայնագրի դրույթները երկկողմանի ընդունելի տարբերակով,

* Համաձայնագրի 4-րդ հոդվածը Կողմերին պարտավորեցնում է «Համաձայնագրի դրույթներն իրագործելիս պետք է ամբողջապես պահպանեն փոխանակված տեղեկատվության ամբողջական գաղտնիությունը»

* «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածն ամրագրում է, որ «Այլ պետությունների գաղտնիքների և Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»։

* «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետի համաձայն «ՀՀ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ՝ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համատեղ օգտագործելու և պաշտպանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ»

Եզրակացություն

ՀՀ կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատասխան պահպանվել են։ Համապատասխան իրավական ակտերի մի մասը Պետական և ծառայողական գաղտնիքի վերաբերյալ ՀՀ օրենսդրության համապատասխան հրապարակման ենթակա չեն։ Ավելին՝ դրանց չարտոնված հրապարակումը ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն։

Հ.Գ. Ի դեպ՝ նկարում կարող եք տեսնել, որ առաջին խումբը արդեն Հալեպում է։ Ողջ հայ ժողովուրդը հպարտություն է ապրում Սիրիայի ժողովրդին և մեր հայրենակիցներին մեր կողմից իրականացվող մարդասիրական օգնության համար։ Մի քանի հասարակական գործիչներ պետք է հստակ կողմնորոշվեն իրենց կարծիքներում՝ դա զուտ մտահոգություն է, չըկալում, թե ի՞նչ»։