Սիրիայի արեւելքում՝ Իրաքի հետ սահմանին, կատաղի մարտեր են տեղի ունենում։ Նպատակը մեկն է՝ ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետերը: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմության ուժերը։

BBC-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր համարվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման ներկայացուցիչ Մուստաֆա Բալին ասել է, որ 20 հազար բնակչի տարհանման համար անհրաժեշտ յոթօրյա դադարից հետո իրենք պատրաստվում են գրոհել «Իսլամական պետության» վերջին հենակետերի վրա. «Կատաղի մարտեր են ընթանում: Այստեղ մնացել են ԻՊ-ի ամենափորձառու զինյալները»։

Նկատենք, որ դեռեւս երկու տարի առաջ «Իսլամական պետությունը» վերահսկում էր Սիրիայի և Իրաքի զգալի տարածքներ, մինչդեռ այսօր խմբավորման մնացած ուժերը կարողանում են վերահսկողության ներքո պահել սիրիական Դեյր Զոր մարզի մի մասը միայն՝ Իրաքի հետ սահմանին:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ