Այսօր օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը նշում է ծննդյան 90-ամյակը: Նա համաշխարհային սպորտի այն սակավաթիվ մարզիկներից է, ով ունի իր անունով կնքված տարր. ողջ աշխարհին է հայտնի Ազարյանական խաչը: Նա միակ հայ մարզիկն է, ով օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է: 1956-ին ոսկե մեդալակիր է դարձել թիմային հաշվարկով ու օղակների վարժությունում, ապա օղակների վրա վարժությունում ոսկե ելույթը կրկնել է Հռոմի 1960-ի քառամյա հանդեսում: Նշենք, որ նրա որդիներից Էդուարդ Ազարյանը նույնպես օլիմպիական խաղերի չեմպիոն է (Մոսկվա 1980):

Ազարյանը մարզիկի կարիերային հրաժեշտ է տվել 1964-ին, սակայն շարունակել է մնալ սպորտոմ: Նա ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահն է, ղեկավարում է իր անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը:

Մաղթենք մեր անվանի հայրենակցին առողջություն, երկար տարիների կյանք ու շարունակենք հպարտանալ նրանով, ով մի ամբողջ պատմություն է համաշխարհային սպորտում, մեր երկրի այցեքարտերից մեկը: