Միքայել Մինասյանը համացանցային գրառմամբ տեղեկացնում է, որ ի հիշատակ իր երկու պապերի՝ Միքայել Մինասյանի և Գրիգոր Հասրաթյանի, իր ընտանիքը հիմնել է կրթամշակութային հիմնադրամ. «Սիրելի՛ ընկերներ,
Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ իմ ընտանիքը հիմնել է կրթամշակութային հիմնադրամ ի հիշատակ երկու պապերիս՝ անվանի գիտնական ու քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի։

Լուսանկարում պապերս են, մարդիկ, որոնք անսահման սիրել են իրենց երկիրն ու մասնագիտությունը, ունեցել են առաքելության զգացում և մեծ գործեր անելու նվիրում։
Հայրական պապս՝ Միքայել Մինասյանը, տարբեր պաշտոններ զբաղեցնելու հետ մեկտեղ, երբեք չի հեռացել գիտությունից։ Լինելով միջազգայնագետ-պատմաբան՝ նա համատեղել է գիտական ու քաղաքական գործունեությունը, եղել է ամբիոնի վարիչ, արժանացել է պրոֆեսորի կոչման։

Պրոֆեսոր Մինասյանն իր գիտելիքներն ու փորձը ներդրել է նաև բացահայտելու քաղաքական լիդերի և քաղաքական էլիտայի էությունը։ Նա համոզված էր, որ քաղաքական լիդերին զսպող ամենահզոր ուժն ու սխալներից պաշտպանողը պատմության առջև պատասխանատվության զգացումն է։ Իր գրքերում նա նշում էր, որ քաղաքական գործիչը չի կարող հաջողության հասնել, եթե չգիտի կամ չի կարևորում պատմությունը։ Նրա գնահատմամբ՝ պատմությունը փաստերի ոչ թե այսրոպեական, այլ ընդհանրական ընկալումն է, իսկ իրական լիդեր նա է, ով ի զորու է ընկալել և ճիշտ վերլուծել պատմությունն ու իր դերը պատմության շրջապտույտում։
Նա պնդում էր, որ պատմությունը երկրի վերնախավի համար ոչ միայն իմացություն է, այլև պատասխանատվության մեծ բեռ։

Մայրական պապս՝ Գրիգոր Հասրաթյանը, ևս քաղաքական գործունեությանը զուգահեռ զբաղվել է գիտությամբ։ Պապս ինչ պաշտոնում էլ լիներ՝ հավատում էր, որ մեծ արդյունքի կարելի է հասնել միայն մեծ երազանք ունենալու դեպքում, որին տանող ճանապարհը պետք է հարթել մշակույթի միջոցով։ Ընդ որում, մշակույթ ասելով նա նկատի ուներ ոչ թե «հայկական մշակույթը հայերի համար»։ Նա հավատում էր, որ պետք է բաց լինել աշխարհի առջև, դառնալ համաշխարհային հանրության մասը և ստեղծել զուտ հայկական, բայց աշխարհին հասկանալի ու մրցունակ մշակութային արժեքներ։ Նա համոզված էր, որ մշակույթը պահպանելուն զուգընթաց պետք է միշտ առաջ շարժվել։

Երկու պապերս էլ թողել են մեծ մշակութային ժառանգություն, որը կարելի է տեսնել պարզապես զբոսնելով Երևանի փողոցներում։
Ուստի մեզ՝ նրանց ընտանիքների անդամների համար, մեծ պատասխանատվություն է շարունակելու այն գործը, որով ապրել են նրանք։ Այդ պատճառով մեր երկու մեծ ընտանիքները որոշել են ստեղծել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը։
Հիմնադրամն ունենալու է 2 հիմնական ուղղություն. «Մինասյան» բաժինը կզբաղվի պատմության վերաիմաստավորմամբ և քաղաքական մտքի այլընտրանքային հետազոտություններով։ Իսկ «Հասրաթյան» բաժինը պայմաններ կստեղծի արվեստի և մշակույթի նոր, թեմատիկ գործերն ու համարձակ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։

Մեր երկու ընտանիքներն այս որոշումն ընդունել են պատասխանատվության մեծ զգացումով ու հավատով՝ ապագայի նկատմամբ։ «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը սկսում է իր գործունեությունը»։