«Չորրորդ անգամ եմ այս ֆիլմը դիտում և ստիպված եմ ասել, որ այսօր դերասանները խաղում էին, ինչպես երբեք»:
Ֆաինա Ռանևսկայա, ռուս մեծ դերասանուհի

Եղե՞լ է արդյոք՝ մի բան անեք ու զգաք, որ էդ բանն էլի՛ եք արել: Ո՛ւմ այս հարցն ուղղես, ուրախությունից աշխարհով մեկ է լինում, քանզի վերջապես իրեն հասկացող մեկին է ճարում: Հա՛, կա նման բան, ու դրան դեժավյու են ասում: Ինչ-որ բան ես անում, ինչ-որ իրավիճակ ընկնում, ու ոչ միայն էդ արածդ ու էդ իրավիճակն են քեզ ծանոթ թվում, այլև կռահում ես, թե դրանից հետո՛ ինչ ես անելու, ինչ է լինելու, ու հրաշքն այն է , որ հաջորդ քայլիդ էդ կռահածդ էլ հենցկատարվում է:

Ա՛յ հիմա նայում եմ մեր քաղաքական դաշտում տիրող իրավիճակին, ու էնքա՜ն ծանոթ է թվում, որ ոնց որ էլի՛ է եղել: Ծանոթ լինելը՝ դեռ մի կո՜ղմ. անգամ կռահում եմ, թե հաջորդ քայլո՛ւմ էդտեղ ինչ է կատարվելու, ու ինչ… «հրաշք» է էդտեղ լինելու:

…1991-ի հոկտեմբերի 16-ն էր. անկախ Հայաստանի առաջին նախագահական ընտրություններն էին: Մարդիկ նե՜նց էին գնում ընտրության, ոնց որ նախորդ դարի 70-ականների սկզբին՝ «Արարատի» խաղի կամ, նույն դարի կեսին, Ստալինի թաղման: Ու երբ հանկարծ մեկը սխալվում ու կողքինին մի հատ «հիմար» հարց էր ուղղում, թե՝ «Ո՞ւմ ես ընտրելու», ոչ միայն էդ կողքինը, այլև էդ հարցը բոլոր լսածները, ապուշ կտրած ու ագրեսիվ, նայում էին էդ հարց տվողին ու խմբով էդ հարց տվողի բերանը ծեփում՝ «Պարզ չէ՞, թե ո՛ւմ» կարճ պատասխանով: Արդյունքում` Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց 83,4 տոկոսով: Դրանից մի քանի ամիս անց բոլորն ընկած ման էին գալիս, թե ով է ընտրել Լևոն Տեր-Պետրոսյանին, ու չէին գտնում. վիզ առնող չկար. բոլորն անխտիր, պարզվեց, էն 16,6 տոկոսից են

Գա՛նք այսօ՛ր: Նիկոլին ընտրելուց մի ամիս հետո փորձում են «դեժավյուի» այդ վախենալու ֆենոմենը տարածել նաև էս նոր վարչապետի վրա: Սկսեցին հիասթափվելու թունդ կոչեր անել, հիմնավորումներ ու եզրակացություններ անել, բայցՄի հատ եկե՛ք վերհիշենք ռուս հանճարեղ դերասանուհի, սրամտության ու սրախոսության երբեմնի թագուհի Ֆաինա Ռանևսկայային ու մեր Նիկոլի առթիվ կիրառենք իր էդ սրամտության երկրորդ հատվածը. «Չորրորդ անգամ եմ այս ֆիլմը դիտում, և ստիպված եմ ասել, որ այսօր դերասանները խաղում էին, ինչպես երբեք»:

Ընդգծումն իմն է, ու այդ ընդգծումը դիտմամբ արեցի, որ ամենակարևորը հիշեցնեմ: Իսկ այդ ամենակաևորն այն է, որ Ռանևսկայայի էդ ասածը, հա՛, սիրուն բառախաղ է, կալամբո՛ւր, բայց ձեռի հետ ասված էդ կալամբուրն այսօրվա համար այնքա՜ն բնորոշ ու մարգարեական բան դարձավ, քանզի այսօր, նույն բանը, կրկնվելով հանդերձ, բացարձակապեսուրի՛շ բան է դարձել: Նիկոլի երեկվա ընտրողը, վաղը Նիկոլին թև տալու համար, այսօր իր երկու թևն է «սպառնալից» ու մարտահրավերից չվախեցողի կեցվածքով կանթել ու էդ թևերը Նիկոլի համար ռեզերվ է պահել: Այս սերունդը մեր էն սերո՛ւնդը չէ, որն էնքան կակուղ ճահճում բնակվեց, որ ինքն էլ կակղեց, ճահճի պես կակուղ ու ամորֆ դարձավ, ծովից կտրված, բա՜ց, արձա՜կ ծովի չտես՝ արդյունքում էդ ծովի երազող մնաց ու իր ներս գցած արցունքից ինքը ավելի կակղեց:

Ա՛յս սերունդն անկախ երկրում է աճել: Ճիշտ է՝ մեր երկրում դեռևս կարգին դեմոկրատիա չկա, սակայն այսօրվա հաղորդակցության շռայլ միջոցների շնորհիվ դեմոկրատիային քաջատեղյա՛կ է այս նոր սերունդն աճել ու դաստիարակվել: Իսկ մենք, էդ դեմոկրատիայից անտեղյակ ու դրա չտես, բա իհա՜րկե հազար միտք դեռ պիտի փոխեինք լիդեր ընտրելիս:

Այս սերունդն իր ընտրյալից մեզ նման էդպես հեշտ չի հրաժարվի, ու իր էդ ընտրյա՛լն էլ չի համարձակվի, որ մեր ընտրյալների պես հիասթափեցնի: Այս սերունդն իր լիդերին չի թողնի ու երեսը չի թեքի այլ կողմ, որ հիմա էլ մի հատ ուրիշ մեկին լիդեր փնտրի ու ընտրի: Ա՛յս սերունդն իրենը կտանի մինչև վերջ, ա՛յս սերնդի դեմ այսօր իսկապե՜ս ոչ մի խաղ չկա: Էնպես որ նրանք, ովքեր հույս ունեն «դեժավյուի» էդ քարթու հնարքը նորի՛ց կիրառել, Տեր-Պետրոսյանից վռազ հիասթափվելու տխուր արարն այն նորի՛ց խաղարկել, դատապարտված են հիասթափության; Լսո՞ւմ եք, այս սերունդը ձեզ պես չի թողնի, որ իրեն ու իր լիդերին մերժեք. էնպես որ թարկե՛ք ձեր էդ քամու աշխատանքը, քանի էդ քամին չի դարձել «Քաթրին»՝ ձեր էդ դում գլխին

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ