Ցկյանս դատապարտյալ, «Հետքի» թղթակից Մհեր Ենոքյանը նամակով դիմել է մարդկանց՝ շեշտելով, որ չի հանձնվելու և էլ ավելի համառ է պայքարելու հանուն արդարության։ Նամակում մասնավորապես գրված է․ «Դեռ մի քանի օր առաջ այստեղ՝ կլոր բանտի վերին հարկերում, 20 և ավելի տարիներ պատիժ կրող մի քանի մահապատժի-ցմահ դատապարտյալներ, սպասում էինք, որ վերջապես իրավունքն ու օրենքը կաշխատի նաև մեզ համար։ Թավշյա հեղափոխությունն էր մեզ այդ հույսը տվել, երբ դեռևս ընդդիմադիր պատգամավոր ու հեղափոխական Նիկոլ Փաշինյանն ու իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հայտարարում էին՝ դատական համակարգի՝ գործադիրից կախված վիճակի ու հրահանգներով դատավճիռների մասին։ Հիմա ոչնչի չեմ սպասում, պարզապես սկսում եմ պայքարի նոր փուլ։ Ու առնվազն ազնիվ չէ այժմ մեզ հույս տալ, թե ցմահների համար օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվում։ Այդ փոփոխությունները կետ առ կետ Զարուհու հետևողական ջանքերով են մշակվել դեռ տարիներ առաջ, բայց այդպես էլ մնացել են թղթի վրա։

Արդարության հասնելու 23 տարվա պայքարի ընթացքում բախվել եմ բազմաթիվ անօրինությունների, ճնշումների, սակայն երբեք չեմ կոտրվել, այլ հակառակը՝ ոտքի եմ կանգնել, է՛լ ավելի համառ շարունակել իմ ճշմարիտ պայքարը։ Ես հանձնվել չունեմ, հակառակը՝ ավելի եմ ուժեղանում, երբ կեղծիքը վախից վայնասուն է բարձրացնում։ Սիրելի՛ ընթերցողներ, այսօրվանից սկսում եմ է՛լ ավելի համառ պայքար՝ հանուն արդարության։

Նախկին ռեժիմի օրոք, երբ սպառվել էին բոլոր ճանապարհները, և թվում էր՝ փակուղում եմ երկու ոչ բռնի, հուսահատ փախուստներից հետո, իմ կյանքում հայտնվեց Կին-Աղջիկը՝ Աստծո պարգևը իմ բոլոր տառապանքների դիմաց։ Սեր և Արդարություն. Սա է մեր պայքարի բանաձևը։ Բոլոր գիտակից, ազնիվ ու իրենց մեջ Սեր ունեցող Մարդիկ այստեղ միայն բարին են տեսնում ու քաջալերում մեզ։

Երբ մեր ժողովուրդը իրականացրեց թավշյա, Սիրո հեղափոխությունը, հույս արթնացավ, որ, եթե սկզբում ոչ արդարադատությունը, ապա գոնե մարդասիրությունը իրականանալի կդառնա նոր իշխանությունների կողմից։ Իմ ու ընտանիքիս միակ հույսն այն էր, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվելով օրենքի պահանջով, կցուցաբերի մարդասիրական մոտեցում։ Ավաղ։ Նա մերժեց։ Ներման հանձնաժողովի անդամը կամ անդամները կոպտորեն խախտեցին օրենքը՝ թիրախավորված հենց իմ հանդեպ։ Ավելի պարզ ասած՝ այդ հանձնաժողովի անդամի(ների) կողմից Աղաջանովներին անօրեն կերպով գաղտնի տեղեկատվություն տրվեց, և բոլորիդ հայտնի մի խումբ ճնշումներ բանեցրեց վարչապետի վրա, որը ավարտվեց անմարդկային ակտով։ Ամենացավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը տրվեց այդ հակաիրավական, հակամարդասիրական պահանջին։ Ինչպես 1996թ-ին, այժմ դարձյալ կասկածելի ճնշումներով մեկ ընտանիքի կամքը թելադրվեց ներկայիս իշխանություններին։ Բայց օրենքի համաձայն, ներում շնորհելիս հաշվի պիտի առնվեր ոչ թե տուժողի կարծիքը, որը վերին աստիճանի սուբյեկտիվ է և տվյալ պարագայում հակաիրավական, հակաօրինական և մարդասիրության, քրիստոնեության սկզբունքներին հակասող, այլ պետք է հաշվի առնվեր իմ 23 տարիների պատիժն ամենածանր, անմարդկային պայմաններում, ամուսնանալս ու ընտանիք կազմելը,

բարձր առաջադիմությամբ 5 տարի բուհում սովորելս ու ավարտելս, տարիներ շարունակ բարեխղճորեն աշխատելը, 6 գրքերի, օրենսդրական առաջարկների հեղինակ լինելը, հասարակական ակտիվությունը և այլ ձեռքբերումներ, ինչպես նաև այն, որ ես փաստացի, երբ փախուստ եմ կատարել իմ ընկեր Սողոմոնի հետ, 32 օր ազատության մեջ ենք եղել ամենածանր պայմաններում, սակայն, ո՛չ փախչելիս, ո՛չ էլ ազատության մեջ որևէ զանցանք չենք կատարել։

․․․Տարիներ առաջ բանտում հայթայթել էի փիլիսոփա էպիկտետի աշխատություններից։ Նրան պահում էին ստրկության մեջ և ճշմարտությունն ասելու համար ջարդել էին ոտքը։ Նա շարունակում էր խոսել, և նրան կանգնեցրել էին բոլորի առջև ու փայտով հարվածում էին ջարդված ոտքին, որ ստիպեն լռել։ Բայց նա հանգիստ ասում է.

-Ջարդելով իմ ոտքը ու շարունակելով հարվածել այդ ոտքիս՝ դուք ինքներդ ձեզ եք նվաստացնում, ոչ թե ինձ, դուք սպանում եք ձեր ներսի մարդուն։

Սիրելի՛ Մարդիկ, ուշադի՛ր եղեք, իմաստու՛ն եղեք, հիշե՛ք՝ չարը միշտ ստոր մեթոդներով է գործում և, ամենակարևորը, հենց չարին է բնորոշ գնալ Սիրո դեմ, վարկաբեկել մարդկանց սերը՝ ամենավեհ զգացմունքը»։