Օվալաձև բուֆետում տիար Զենոնը բրդյա շապիկ-վարտիքով խռմփացնում էր հնաոճ ճոճաթոռում: Նրա գլխավերևում մի ճեփ-ճերմակ պաստառ էր փակցված, վրան կարմիր, բոսոր տառերով գրված՝ ‹‹Առաջնագծում Քայլոն է, կեցցե՝ Քայլոն››: Բուֆետի օվալաձև կենտրոնում մի հնօրյա կարպետ էր փռված, վրան շարված մի խոր կավե ափսե և մեկ բյուրեղապակե սափոր:

Բացվեց շքադուռը և ‹‹Քայլ արա, մերժիր Սերժին›› օրհներգի հնչյունների ներքո ժամանեց Քայլոն՝ ‹‹Սիրո և համերաշխության›› հեղափոխության չորքոտանի խորհրդանշանը, մի վեհ արարած, որը Նիկոլին և այլոց Գյումրուց ուղեկցեց Երևան, անվնաս և հույսերով առլեցուն: Մտասույզ էր Քայլոն, բուրդը մի քիչ թափված էր և քիչումիչ կաղում էր հետին ձախ թաթից, սակայն հպարտ էր ՀՀ չորքոտանու օրինական հպարտությամբ, բայց մինչև երբայս է խնդիրը:

Ճաշացանկում՝ գառան շոգեխաշած դմակ, ‹‹ծիծակ›› մակնիշի կանաչ պղպեղ և հոնի արաղ:

Հ.Գ.-1 Նա, ով գառան դմակը ճաշակում է մարմելադով, չկասկածեք, Աշոտյան ու եվրոպալկան վոյաժներին նրա հետ եղածների ծպտյալ երկրպագուն է:

Հ.Գ. -2 Նրանք, որոնք վերոնշյալ հեղաշրջիչ ուտեստը կուտեն, բայց հոնի արաղի փոխարեն վրայից օշարակ կխմեն, հավատացեք, արդարացնում են 2018-ի նախատոնական պարգևավճարները:

Ի դեպ՝ տիար Քայլոն արաղ բառը ստուգաբանում է ասպես՝ արաղ-արիացիների աղ:

Օրակարգում՝Քայլոյի մենախոսությունն է

Սիրելի Նիկոլ, անշուշտ հիշում ես, թե ինչ էինք զրուցում ես ու դու Գյումրի (հայրաքաղաք)-Երևան (մայրաքաղաք) հաղթական ճանապարհին: Զրուցում էինք և երազում, որ կկտրենք յոթգլխանի վիշապի 6 գլուխները, կթողնենք 1-ը, որ այն խոստովանական ցուցմունք տա: Գլուխները կտրված չեն, դրանք ընդամենը թեթև ահաբեկված են, բայց հենց որ վախը անցնի, հավատա փորձիս, կհարձակվեն և կկծեն: Մի մոռացիր, որ քրեաօլիգարխիայի վիշապագլուխների ժանիքները թունավոր են:

Վարչապետ դարձած իմ ազնվազարմ բարեկամ, անկեղծ լինենք, թիմդ թիմ չէ, քո ուսերին են նստել և վայելում են: Սակայն այդպես մինչև ե՞րբ:

Ոնց որ թե ոմանց բուն գործը հեղափոխության խակ պտուղները քաղելն է: Սա ի՞նչ ցոգոլային մտածողություն է: Չէ որ խակ պտուղը (սա վաղուց է հայտնի) վաճառքի չեն հանում: Պարգևավճարների թեման, վախենամ, երբեք չփակվի, բայց արժե՞ր գանձագողերից և գրպանահատներից կազմված նախկին վարչախմբի բերանը լեզու դնել: Էն էլ ինչ լեզու՝ 7 մետրանոց, վարակված և աբիժնիկ լեզու: Այժմ, որպես քո և պատմական, և հաղթական ճանապարհի ընկեր, մի խորհուրդ եմ ուզում տալ՝ 8 մլն դոլար պարգևավճարները վերադարձնել ժողովրդին, դրա մի մասով ձեռք բերել մի քանի նոր ավտոբուս, մյուս մասով էլ եղբայրակիցներիս՝ թափառական բողարների և քուչիկների համար օթևաններ կառուցել:

***

Հարգարժան Նիկոլ, քրեաօլիգարխիկ դևը ընդհատակում է ու դավեր է նյութում քո և մեր դեմ: Դավեր է նյութում, քանի որ իշխանության որակում երկիրը լլկածները որպես ընդդիմություն էլ շարունակում են իրենց քաղաքական պորտապարը պարել: Հարգելիս, կներես, բայց մի՞թե միայն ‹‹Մարտի 1››-ն է Քոչարյանի մեղքը: Չէ որ նա, հանդերձ ընտանյոք, հսկայական բիզնես-կապիտալ ունի ՀՀ-ում և արտասահմանում, չէ որ նա Երևանի կոնյակի գործարանը, ՀԷՑ-ը, ԲԷՑ-ն ու ուրիշ շատ բաներ ուղղակի հանձնեց ՌԴ-ին, առյուծ որսաց Տանզանիայում, խարդախեց առնվազն 1998-ի ընտրությունները և դարձավ երկրի նախագահ: Օտարերկրյա հեղինակավոր աղբյուրները նշում են նրա կարողության չափը՝ շուրջ 4.5 մլրդ դոլար: Ո՞ւր են այդ փողերը և ե՞րբ են հանգրվանելու պետական բյուջեում:

***

Տիար Նիկոլ, մինչ դու զբաղված ես աշխարհաքաղաքական հրատապ շտկումներով, ներքաղաքական կյանքում իրավիճակը ոչ միայն չի փոխվում,այլև սպառնալից է դառնում: Օրինակ՝ Հ.1 հանրային հեռուստաընկերությունը նույն աղբա-ողբային վիճակում է, որում ճահճացել էր նախորդ ռեժիմների օրոք ու անվերջ գարշահոտ է տարածում շուրջբոլորը: Բրազիլական սերիալներ, անհամ օրակարգեր, Պետրոս Ղազարյանի փքուն-ձանձրալի կերպարը, ‹‹Հ.1-յան Հայաստանի›› վարդագույն տրամադրությունները և այս ամենն ամեն օր ու այնքան տմարդի ձևով, որ երբեմն վիրավորանքից վնգստում եմ՝ իրա՞վ հեղափոխությունը հաղթել է, երբ նախորդ ռեժիմի ձեռքում շարունակում են մնալ երկրի նյութական պաշարները և լրատվական դաշտը:

***

Հարգելի Նիկոլ, արգո Փաշինյան, ժողովուրդը ու նրա հետ հանրապետության մյուս բոլոր քայլոները սպասում են քեզանից արմատական քայլեր: Անկեղծ լինենք՝ առայժմ դու դիմահարդարում ես, չես վիրահատում: Ո՞ւր է այն խորհրդանշական ժանգոտ դանակը, որ գտանք Ապարանի ճանապարհին, փայլեցրինք և խոթեցինք ուսապարկիդ աջ գրպանիկի մեջ: Զարմանալի է, բայց կարծես առայժմ զբաղվում ես քրեաօլիգարխիայի բարոյակրթմամբ, այնինչ դրանց կռտել է պետք: Մեկ առ մեկ:

Չէ, եթե նախկին մտերմության ոճով, ասա՝ ինչո՞ւ է Սաշիկը թրև է գալիս Երևանի փողոցներում, ՀՀԿ-ն շարունակում է իր դյութական դիվախաղերը: Պետք է ասֆալտին հավերժորեն մեխել նրանց և անհրաժեշտ է ընդմիշտ փակել Մելիք-Ադամյան 8-ի ՀՀԿ կենտրոնակայանը (Սաշիկին այդ դիրքում պետք է պահել մինչև տարեվերջ, հետո պետք է կուլակաթափել և հայրենասիրական մի հզոր աքացիով շպրտել երկրից դուրս. զորօրինակ ուղիղ դեպի Կիկլոպների կղզի), ՀՀԿ-ին պետք է ճանաչել որպես հանցավոր քաղաքական թյուրըմբռնում և սափրել բոլոր ՀՀԿ-ականների գլուխները (խոստովանիր, որ լավ եմ մտքերս շարակարգում, քեզնից եմ սովորել):

Տիար Նիկոլ, եթե անցնես արմատական գործողությունների, ապա եղիր համոզված, որ ժողովուրդը քո կողքին կկանգնի՝ զինված անգամ եղաններով: Մի խոսքով՝ իսկույն հանիր քրեաօլիգարխիայի թունավոր ժանիքները: Կողքիդ եմ:

Հեռագիր բեմից՝ ՀԱՐԳԱՐԺԱՆ ՆԻԿՈԼ, ՊԱՏՎԱՐԺԱՆ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐ, ՀԻՇԵՔ ՀՆԱԳՈՒՅՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԻՆՈՒ ՏԱԿԱՌԸ ԲԱՑ Է, ԳԻՆԻՆ ՊԵՏՔ Է ԽՄԵԼ, ԹԵ ՉԵ ԿԹԹՎԻ:

Վարագույրը հուշիկ փակվեց: Ներկայացումն ավարտվեց:

Ցը

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ