Երեկվանից աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Առանձնազրույցում կողմերը բարձր են գնահատել այս տարիների ընթացքում երկու խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցությունը, պատրաստակամություն հայտնել բարձրացնել այն որակական նոր մակարդակի: Քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր, կարեւորվել է Հայաստանի ու Արցախի խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով շարունակական հանդիպումներն ու համատեղ նիստերը: Կողմերը ընդգծել են խորհրդարանների միջեւ փորձի փոխանակման կարեւորությունը, ինչպես նաեւ միջազգային հարթակներում ընդհանուր օրակարգի շուրջ համատեղ աշխատանքը:

Այնուհետեւ հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով: Նշենք, որ ԱԺ նախագահի որակում սա Արարատ Միրզոյանի առաջին այցն է: Նա այցելել է նաեւ Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտի նահատակների եւ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին, եղել է Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանում, զրուցել ուսուցիչների եւ սաների հետ: