«Կառավարությունը որդեգրել է որակյալ կադրերին կառավարման ոլորտ բերելու և ի շահ ՀՀ ծառայեցնելու ուղենիշները, գործուն քայլեր են տարվում, բոլոր ընկերություններում կարող եք տեսնել կադրերի սողունություն, որոնք պայմանավորված են բազմաթիվ հանգամանքներով, ամեն կադրի գնալ-գալով չես կարող կարծիք կազմել քաղաքականության մասին»:

«Հենց այս կառավարությունը տարբերվում է մյուս կառավարությունից նրանով, որ կարող են լինել տարաձայնություններ, որոնց արդյունքում մարդիկ կարող են գնալ-գալ, եթե չկա քննարկում, դա է ի վնաս ՀՀ քաղաքացիների»:

«Թվեր քննարկվել և առաջադրվել են, ինչ ձևաչափով կհրապարակվեն, կդժվարանամ պատասխանել, ծրագիրը կբնութագրեմ որպես նախաձեռնողական, ռիսկ վերցնելու: Կխնդրեի ոչ թե թվեր, այլ թեզեր ման գալ, և տեսնել՝ ինչ ուղղություն ունի՝ Հայաստանի հետագա զարգացման հետ կապված»:
Հակոբ Արշակյան, ՀՀ…(չիմացանք «ինչի՛») նախարար

Ֆո՜ւհ, անխիղճ. մինչև կարդացինք էդ մեջբերումները, շնչասպառ էղանք:

«Կարդա՛, ա՛յ իմ խելոք մանուկ,
Կարդա՛, գրի՛ր տարին բոլոր,
Կարդացողի խելքն է կտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր»,
-կասեր Ալեքսանդր Ծատուրյանը, եթե ինքը լիներ մեր նախարարի առաջին ուսուցիչը:

«Ու տես որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո Մայր լեզուն չմոռանա՛ս»,
-կասեր ու կդաստիարակեր տիկին Սիլվան, թե էդ տղեն էն ժամանակ իրա՛ ձեռն ու իրա՛ «դըրբի» տակ ընկներ

Ավա՜ղ, մեր է՛ս նախարարին նման բախտ չէր վիճակվել, մայրենի լեզվի նորմալ ուսուցչի դըրբի տակ ինքը երբեք չէր ընկել, հակառակը, էս հեգ ու բարձիթողի բառերն են իրա դըրբի տակ հիմա անպաշտպան ընկել, որոնք, ի՜նչ ուզում ես արա՛, ի՜նչ ասես արտահայտում են, բայց միտք չե՛ն արտահայտում, քանզի շարվում, բայց, ընենց են բժժած, որ չեն շարահյուսվում:

Եւ ուստի այսօրվա մեր անլուծելի գերխնդիրն է դառնում ոչ թե, պարոն այդ նախարարի ասած, կադրերի՛ «սողունությունը», այլ կադրերի իմանալիք գոնե ուղղագրությունն ու ուղղախոսությունը, ձևաբանությունն ու շարահյուսությունը:

Ախր անխիղճները մեկ-մեկ նենց բան են ասում, որ իրանց ասածը հասկանալու համար կամ համահայկական մի հատ վիկտորինա պիտի անցկացնես, կամ «Что? Где? Когда?»-ի մի քանի մրցաշար: Ճիշտ էր մտածում, է՜լի, Գալուստը, թե իրան հլա էնքա՜ն երանի կտանք, թե իրան հլա էնքա՜ն կհիշենք:

Խնդրե՛մ, հիշեցի՜նք. ա՛յ հիմա առանց Գալուստի, վիկտորինան էլ անգամ չի փրկի, քանզի միմիայն ինքն է ի զորու՝ ջոկելու թե էդ մարդն ինչ էր ուզում ասել: Գալուստից բացի անգամ էդ ասո՛ղն ի զորու չէ, որ ասածն իր պարզի:

Հապա լսեք այս «կլասիկան». «Հենց այս կառավարությունը տարբերվում է մյուս կառավարությունից նրանով, որ կարող են լինել տարաձայնություններ, որոնց արդյունքում մարդիկ կարող են գնալ-գալ, եթե չկա քննարկում, դա է ի վնաս ՀՀ քաղաքացիների»: Բա որ ձեզ ասում եմ՝ ստեղ Գալուստն է պե՞տք…

Իսկ ստորև՜ բերվող «գլուխգործոցը» վերծանելն արդեն անգամ Գալուստի՛ ուժերից վեր է. ստեղ արդեն մի հատ Շամպոլյո՛ն է պետք. «Թվեր քննարկվել և առաջադրվել են, ինչ ձևաչափով կհրապարակվեն, կդժվարանամ պատասխանել, ծրագիրը կբնութագրեմ որպես նախաձեռնողական, ռիսկ վերցնելու: Կխնդրեի ոչ թե թվեր, այլ թեզեր ման գալ, և տեսնել՝ ինչ ուղղություն ունի՝ Հայաստանի հետագա զարգացման հետ կապված»…

Ինչ վերաբերում է արդեն «կալամբուր» դարձած «կադրերի սողունություն» էդ արտահայտությանը, ապա եկե՛ք ներողամիտ լինենք, քանզի, հակառակը, դա ցույց է տալիս, որ դեռ ամեն բա՛ն չէ, որ կորած է, քանզի էդ մարդը, երևում է, պրպտելու ձգտո՛ւմ ունի. պրպտել է, փափագել է գտնել «հոսունություն» բառին մի հատ հոմանիշ, մի հատ նե՜նց հոմանիշ, որ իր ճոխ լեզվով սաղի՜ն մզզցնի ու «սորունություն» բառն է գտել, բայց մինչև հասել է հարցազրույցի պահը, «սորունություն»-ը գլխից «սորացել», «սողունությունն» է սողոսկել-մտել:

Ես ուրի՛շ բանից եմ շատ գեշ մտահոգված. էդքան լեզու եք, ա՜յ մարդ, սովորում, ձեռի հետ սեփական լեզուն էլ սովորեք, ի՞նչ կըլնի, որ վաղը, էսօրվա նման սենց կառավարության անդամ դարձաք, հարցնեն՝ որտեղ եք աշխատում, ստիպված չլինեք ասել՝ «հրապարակի ֆանտանների էն կողքի շենքում»...

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ