«Մեր կառավարությունը հերթական մեծ քայլն արեց՝ ուղղված ձերբակալված, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածների առողջության պահպանմանը», -այսպիսի գրառում է կատարել Facebook-ում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ տեղեկացնելով, որ այսուհետ ազատազրկման դատապարտվածները նույնպես կօգտվեն պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից։
«Սոցցանցի իմ հարթակը՝ որպես տեղեկություն ստանալու ևս մեկ հավելյալ միջոց օգտագործելով, նշեմ, որ անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում կմատուցվեն բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում, ինչպես նաև հետևյալ բժշկական ծառայությունները.
1) գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետրի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը),
2) կլիպսների օգտագործումը՝ նյարդաբուժական վիրահատությունների ժամանակ,
3) շունտավորող համակարգերի օգտագործումը՝ նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
4) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ,
5) սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում՝ ինչպես դեղապատ, այնպես էլ ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա,
6) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ,
7) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա,
8) սրտի կաթետերային աբլացիա,
9) խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում,
10) սիներակի (Վ Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը),
11) արթրոսկոպիկ վիրահատություններ,
12) բացառապես վնասքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում, միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները,
13) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР) բիպոլյար կամ լազերային եղանակով,
14) քարափշրում (լիթոտրիպսիա)՝ հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ,
15) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա,
16) աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում)», - գրել է նախարարը և հավելել, որ բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումները շարունակելու հարցում վճռական է տրամադրված, քանի որ ՔԿՀ-ներում գտնվող անձը պետք է ստանա նույն որոկյալ բուժօգնությունը, ինչ ստանում է ազատության մեջ գտնվող քաղաքացին։