«Ի տարբերություն շախմատի՝ կյանքում խաղը մատից հետո էլ է շարունակվում»:
Այզեկ Ազիմով, ամերիկացի ֆանտաստ

Նվիրվում է բոլոր այն լարախաղացներին, որ լարից
ընկան, դարձան (կարդաք-կիմանաք՝ ինչ դարձան)…

Խաղի հանդեպ սերը մանուկ ժամանակներից մեզ մնացած մի «ռուդիմենտ» է, ազարտն՝ «ատավիզմ»:
Ի՛նչ
է ռուդիմենտն, ու ի՛նչ է ատավիզմը:
Ռուդիմենտը
մեզ էն պիթեկանտրոպ-կապկամարդից բաժին մնացած ժառանգությունն է, որը, հենց մարդ դարձանք, իսկույն հետաճեց: Օրինակ՝ պոչը, որ դարձավ պոչուկ: Իսկ ատավիզմն այդ հետաճածի «բարո՜վ-խերո՜վ» ու «ո՜ղջ-առո՜ղջ» հետ վերադառնալն է:

Մեզանից ոմանք, էդ պոչն իրենց վրա աճած հենց տեսան, սկսում են խաղացնել ու խաղի անցնել: Կյանքը խաղ սարքած, շողոքորթելով մեկ է՛ս մի թիմին, մեկ է՛ն մի թիմին՝ խաղ են անում ու հաղթել են ուզում: Ու որ հաղթանակը հարյուր տոկոսանոց լինի, համ է՛ն թիմին են անդամագրվում, համ էլ է՛ս թիմին: Արդյունքում՝ հաճախ լինում է այնպես, որ հաղթեց, սակայն, պարզվում է, պարտվեց, որովհետև ինքն էն թիմում էլ կար: Ու սկսվում է ողբերգությունը: Ու սկսվում է հոգեկան երկվությունը:

Կինոներում տեսած կլինեք մարդկանց, որ երկու «ես» ունեն, ոնց որ գովազդում՝ «դվոե վ ադնոմ»: Բայց, ոնց որ Ազիմովը վերևում ասաց, «կյանքում մատից հետո էլ է խաղը շարունակվում»: Եւ ուստի մեր սույն «հաղթած-պարտվածը»՝ հոգեկան երկվության մեջ ընկած սույն տառապյալը, երկու հակադիր կողմերի միջև բարակ մի լարի կանգնած փահլևանի պես, երկար ձողն առած, հավասարակշռություն պահպանելու համար ձողն է վեր ու վար զգո՜ւյշ տատանում:

Ինքը՝ մեջտեղում, ձողի ծայրերը՝ իրենից աջ ու իրենից ահյակ:

Որ կողմին պա՛հ իսկ հանկարծ անտեսեց, վայր է ընկնելու: Ինքը մտովին իրենից և՛ աջ է, և՛ ձախ: Ահա թե ինչի՛ է նման հիշյալ հոգեկան այդ երկվությունը՝ փահլևանությա՛ն: Ձող տատանելով՝ ինքն ընդամենը իրեն է փրկում գահավիժելուց, բայց շարունակում է ներքուստ կասկածել, որ իր էդ փահլևանությամբ, իր էդ վախվորած քայլերն անելով, իր էդ փրկարար ձողը տարուբերելով՝ մի ողջ ժողովուրդ ու ազգ է փրկում: Էնքան է կասկածում, որ հալումաշ է լինում: Ու որ իր առողջության հետ ինքն էլ չխաղա, կասկածելն էդ թարկում, լրի՛վ է համոզվում, որ ինքը ոչ միայն գործիչ ու ազգափրկիչ է, այլև առհասարակ՝ «Փրկիչ»:

Ու այ ստեղ արդեն իսկակա՛ն Փրկչի համբերությունն է տեղում սպառվում ու, որ Փրկիչը էդ «Փրկչին» փրկի էդ ծանր վիճակից, մի հատ լրիվ ուրի՜շ, առավել «կենսախի՜նդ» մասնագիտության է դրան կապում. լարից գլորում, վայր է նետում դրան, ու դա ջախջախված, «նախշված« երեսով գլուխկոնծի է սկսում ցածում տալ ու սրան-նրան էդպես զվարթացնել, որ «իր փրկելիք» ազգը իրենից վերջապես գոնե մի օգուտ ստանա. գոնե իր վրա մի կո՜ւշտ հռհռա: Ու էդ օրվանից փահլևանն արդեն, լարից վար ընկած, յալանչության իր փեշակով է հացն իր վաստակում:

Ազիմովը ճի՛շտ էր. կյանքում մատից հետո է՛լ է խաղը շարունակվում: Բայց ինքը ճիշտ էր մի վերապահությա՛մբ. շարունակվելը շարունակվում է, հա՛, բայցվա՜յ էդ շարունակվելուն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ