«Երկվորյակների պարադոքսը» հարաբերականության տեսության ռելյատիվիստական հանճարեղ «օյիններից» մեկն է: Հանրամատչելի ու կարճ կապած՝ դրա էությունն այս է՝ երկվորյակ երեխաներից մեկը, եթե լույսի արագությանը մոտ արագությամբ շարժվում է մյուսի նկատմամբ, ապա «վայրէջք» կատարելիս ինքը մնացած է լինում այնպես, ինչպես կար, իսկ մյուսն արդեն հասուն մարդ է դարձած լինում:

Կոնկրետ մե՛ր դեպքում վիճակն այսպիսին է: Մենք, արդեն կըլնի ուղիղ քառորդ դար, «ստեղ չէինք», «լույսի արագությանը մոտ արագության տակ կոսմոսներում էինք թրևում-թևածում», իսկ արարն աշխարհն ստեղ՝ էս աշխարհում, գլուխը կախ՝ իր գործն էր անում, զարգանում ու առաջ գնում: Ու հիմա՝ ուղիղ քառորդ դար հետո, էսպես հետ ենք վերադառնում ու ի՜նչ ենք տեսնում. ամա՜ն, մենք ոնց կայինք, էն էլ մնացել ենք, իսկ աշխարհը փոխվել, բարգավաճել ու հասունացել է: Ու այ այս պահին արդեն հնչում է տագնապը, թե հարա՜յ, մի բան անենք, գանք, աշխարհին հասնենք:

Բայց ո՞նց գանք. ախր էդ աշխարհի անգամ ամենաերիտասա՛րդ բաղկացուցիչներից գրեթե քառորդ դար հետ ենք մնացել: Ի՞նչ նոր բան մոգոնենք: Հարաբերականության էս տեսությունը մերժենք, ուրի՞շ հարաբերականության տեսություն հնարենք: Իսկ միգուցե տնտեսական է՛ն ռեֆորմներն անենք, որոնց մասին մեր երկրում մի ժամանակ միայն մի հոգի էր մտածում՝ Հրանտ Բագրատյանը, և որից հետո այդ ռեֆորմները կամ հետաձգվեցին, կամ խեղաթյուրվեցին, ու մոտ քառորդ դար է՝ մեզանում ոչ մի ռեֆորմ չի արվում:

Մոտ քառորդ դար է մեր տնտեսությունը գոյատևում է սոսկ իներցիայով. սպասողական կեցվածք ընդունած՝ մեր տնտեսությունը վախվորած սպասում է, թե ով իրեն կհարվածի, որ ինքը, եթե բախտը բերի, հարվածից խույս տա:

Փաստորեն, այսօր մեր տնտեսության զարգացմամբ գիտե՞ք միայն ով է զբաղվում: Ճի՛շտ կռահեցիք. Աստվա՛ծ: Ընդ որում՝ արդեն անգամ Աստված էլ չի հասցնում էդպես մեն-մենակ մեր հարցերը լուծել: Մեր գաստրաբայթերներն են այսօր միայն կողքից Տեր Աստծուն էդ հարցում օգնում իրենց կողմից մեզ ուղարկված տրանսֆերտներով: Թեպետ այն, որ այսօր գոնե դրա՜նք կան, էլի՜ հենց Ի՛ր՝ Աստծո շնորհիվ է:

Բանն այն է, որ մենք, որպեսզի սոցիալիզմից հրաժարվելուց հետո անցնեինք կապիտալիզմի ու որ ստիպված չլինեինք, դրան զուգահեռ, անցնել նաև այդ կապիտալիզմին նախորդող ֆեոդալիզմի՛ փուլը, ապա, որպես պարտադիր պայման, մենաշնորհը պիտի վերանար: Կապիտալի նախնական կուտակումը արվում է ֆեոդալիզմի ծոցում, օլիգարխներն ու օլիգարխիան հենց այդ ֆեոդալիզմի ծոցում ծնված, մենաշնորհ ունեցողների կուտակած կապիտալի արդյունք են:

Նորմալ զարգացում ապրած երկրներում հենց էդ սաղմից էր, որ կապիտալիզմը ծնվեց: Բայց ախր ամեն սաղմ պիտի՞ հասունանա, որ դրանից նորմալ, առողջ բան ծնվի: Իսկ մեզանում այդ նախնական կուտակումն արվեց, օլիգարխներն ու մենաշնորհը ձևավորվեցին, ու ամեն բան կանգ առավ: Ուրիշներն առաջ գնացին, իսկ մենք մնացինք տեղում: Նայեցինք մեր շուրջբոլորը՝ տեսանք միայն օլիգարխներ են: Իսկ քանի որ, ոնց որ նոր ասացի, օլիգարխները ֆեոդալիզմի՛ ատրիբուտներ են, նշանակում է՝ մենք որտեղ մնացի՞նք: Ապրե՜ք, ճիշտ կռահեցիք. ֆեոդալիզմում՝ ֆեոդալիստական կացութաձևում ու հասարակարգում: Արդյունքում՝ երկվորյակներից էն կոսմոս թռած երեխու նման մենք ժամանակի մեջ քարացանք ու էլ չհասունացանք կամ, այլ կերպ ասած, մնացինք չհաս, մնացինք տհաս, դեռ հետն էլ՝ «ռախիտ»՝ «պերմանե՜նտ», անվե՜րջ, խիստ թերսնումից՝ առանց ներդրում-ինվեստիցիայի:

Ավելացնեմ նաև, որ որտեղ մենաշնորհ, այնտեղ պարտադիր կոռուպցիա: Մենաշնորհը պարտադիր կերպով ենթադրում է կոռուպցիա, իսկ կոռուպցիան պարտադիր կերպով պահանջում է մենաշնորհի առկայություն: Մենաշնորհը վերացավ՝ չկա կոռուպցիա: Մենաշնորհը մնաց՝ ուզում ես դարձյալ թռի՛ր երկինք, երկնքից մանանա՛ թափիր, կոռուպցիան էդ մանանան էլ կմսխի, սակայն չի վերանա բնավ:

Մի շատ կարևոր դիտարկում ևս: Միայն հայտարարելով՝ նույնպես մենաշնորհը հաստատ չի վերանա, մեքենայաբար չի վերանա նաև կոռուպցիան:

Ինչպես վերացնել մենաշնո՞րհը: Այ դա՜ արդեն անգամ արված հեղափոխությունից էլ դժվար գործ է, քանզի զոռով թե խաթրով էդ բանն անելը երկվորյակներից էն մանուկ մնացածի՛ մտածած ճար է՝ մանկամտությո՛ւն: Օլիգարխներից ամեն մեկն արդեն մի-մի հաստաբուն ու արմատներ նետած կաղնի է դարձել: Հո չե՞ք դնելու ու էդ հսկայական կաղնիներն արմատահան անեք: Նախ, որ ուզենա՛ք էլ, չեք կարենալու, երկրորդ, ասենք, արմատահան արիք, տակն էլ ի՞նչ եք երկրում թողնելու. լերկ տափաստան ու անծառ անապա՞տ:

Բա ինչ պիտի անե՞նք: Դրա համար պիտի նորից շարունակվեն տնտեսական հիշյալ կարևորագույն այն ռեֆորմները, որոնց արդյունքում՝ մենաշնորհը կդառնա իրենով օժտվածի համար ծանր լուծ, ու մենաշնորհ ունենալն արդեն կդառնա ոչ նպատակահարմար:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Իսկ մենաշնորհից բխող ամենամեծ վտանգն էլ այն է, որ եթե տնտեսության կարևոր ոլորտները չունեն պետակա՛ն մենաշնորհ, բայց, դրա հետ մեկտեղ, երկրում մենաշնորհի դեմն էլ չի՛ առնվում, ապա մենաշնորհով օժտված անհատները դառնում են պետությունից զորեղ: Ու պետությունը, որպեսզի չդառնա այդ անհատների ձեռքին խաղալիք, ի՜նչ ուզում ես արա, ճարահատ սերտաճում է դրանց, դառնում դրանց խաղընկեր, իսկ ժողովուրդն էլ` դառնում խաղալիք, մանուկ մնացած «տհաս» ու «չհաս» էն երկվորյակի ձեռքին խաղալիք: Ու ա՛յ ստեղ էլ արդեն ավարտվում է ի՞նչը: Վերստի՛ն ապրեք. ժողովրդավարությո՛ւնը: