«Այս օրերի ընթացքում շրջելով եվրոպական տարբեր մայրաքաղաքներով, բազմաթիվ հանդիպումներ ունենալով պատգամավորների, քաղաքական գործիչների եւ տարածաշրջանով զբաղվող փորձագետների հետ, ցավով փաստում եմ, որ իշխանափոխությունից հետո Հայաստանը դարձել է պարզապես թամաշա անելու երկիր, որից ամեն մեկը ինչ-որ մի բան պոկելու, ստանալու, այլ ոչ թե առաջարկելու, տալու կամ իրապես աջակցելու ցանկություն ունի»։
Արմեն Աշոտյան

Բա ո՞նց, ՀՀԿ-ն իրա պանդո՜ւխտ, իրա աստանդակա՜ն կադրերի համար միջոցներ ունի ու չի խնայի, որ դրանց հա՜ էսպես կրուիզի ղրկի, որ գնան-նայեն, թամաշա անեն, ձեռի հետ «օֆշոր» ու «ափշակ» նայեն, տեսնեն՝ լյոխ լա՞վ ա, թե՞ սոսկ կթվա, իսկ մյո՛ւս ձեռն էլ թափով տանեն-բերեն ու սեփական ճակատին հուսահատ, բայց թափով տան՝ «վա՜խ, հո՜րս արև, էս հայոց երկրի վիճակն էս ի՞նչ անմխիթար ա» բացականչությամբ, ու գերմանական կամ անգլիական էս-էն «պիվնոյում» «հայոց դա՜րդն անմխիթար» ընտեղից ստեղ անեն:

Բայց մյուս կողմից էլ՝ էդքան դարդ մի՛ արեք, ո՜վ «տարագիրներ», քանզի ձեր թողած իներցիան լա՜վ էլ գործում է այսօր: Հոգիներիդ էդքան մեղք մի՛ արեք ու մի՛ աղաղակեք, թե ներդրո՜ւմ չկա, ինվեստիցիա՜ չկա: Խնդրե՜մ, ձեր օրինակից ու հորդորից վարակված, մարդիկ, հլա մի նայե՜ք, թե ի՜նչ «պատկառելի» ինվեստիցիա են անում: Մարդիկ է՜ Ուգանդայից ու Տանզանիայից կոկորդիլոսի ձվե՜ր են բերում Արարատի մարզի Դաշտավան գյուղ, ըտեղից էլ երևի՝ կողքի գյուղեր, երրորդ փուլում էլ վայ թե՝ սա՜ղ Հայաստան…

Ի՞նչ եք ուզում, մի հատ Արարատյան դաշտ ունենք, էն էլ կոկորդիլոսներով են մարդիկ լցնում-բնակեցնում: Ի՞նչ վատ է. վաղը Արարատյան դաշտի ամեն գետ ու առվում ավելի շատ կոկորդիլոս, քան ձուկ ու ջուր կըլնի: Պակա՞ս ինվեստիցիա է: Չհաշված որ համ էլ հեռուն գնացող մտքո՛վ ինվեստիցիա է , քանզի, դրա արդյունքում, մեր սեփակա՛ն՝ ստեղի՛ «կոկորդիլոսները» կմտնեն իրանց պղտոր ջրերի հատակը ու դրանց ահու՝ էլ դուրս չեն գա, որ կոռուպցիա անեն:

Ըտեղարենք մաքրեցինք-պրծանք՝ հաջորդ էտապում դրանց կբրախենք Սևան, ու հլա թող փորձի՜ մեկն ամառը գա ու իրա ո՜տն իսկ փորձի՝ ջուրը մտցնի. ջրում տափ արած մի հատ արարած հա՛փ կանի, ցանկացա՜ծ կոռուպցիոների թմբլիկ տոտը կտանի…

Ա՛յ այդպես են, է՞, պայքարում կոռուպցիայի դեմ ու հաղթում: Կոկորդիլոսներո՛վ: Այո՜, միայն կոկորդիլոսներով:

Մյուս կողմից էլ՝ մարդու խիղճ են տանջում իրենց հող ու ջրից կտրած, ստեղ բերած էդ արարածները. ախր Աշոտյանենց պես մի-մի պանդուխտ ու տարագիր էլ դրանք են: Առանց էդ էլ ջղային՝ պատկերացնո՞ւմ եք, հիմա՜ ինչքան ջղային կըլնեն, երբ օտարություն սկսեն քաշել…

Համ էլ վախենամ՝«Գենան» առանց «Չեբուռաշկայի» ստեղ չհարմարվի: Եւ ուստի, ի՞նչ վատ է, վաղն էլ Անտարկտիդայից պինգվինի՛ ձվեր կբերենք: Սկզբից պուճո՜ւր պինգվիններ էդ ձվերից կելնեն, հետո կմեծանան, մեր արևի տակ լա՜վ կսևանան, սիրո՜ւն Չեբուռաշկեք կդառնան, կբազմանան, սա՜ղ Արարատյան դաշտի գետ ու առու, սա՜ղ Սևանի ափեր պինգվին կլցնենք: Քյավառում էդ պինգվիններին կարգին դաստիարակություն կտան, մինուս քառասունից էկած՝ դրանց կկապեն «պլյուս քառասունի», կոկորդիլոսների հետ էդ «պլյուս քառասունը» կքաշեն գլխներ ու, քաջալերված, Աշոտյանենց կասեն՝ «Մկա մենք էլ ձեզ խետ գալում կրուիզի»… Ու կերթան, աշխարհում ինչքան ինվեստիցիա կա, հա՛փ կանեն, «գառմոշկա» նվագելով կբերեն, մեր երկիր կլցնեն, եթե Աշոտյանենց հետ «պիվնոյ» չմտնեն ու սա՜ղ էդ բերելիք ներդրումները մինչև էդ բերելը դրանց նման իրանց փորները չլցնեն:

Բայց իրանց հետ էդ կրուիզին մի հատ էլ Շապոկլյակ է պետք: Ի՞նչ կարծիքի եք. Շապոկլյակի՞ տեղ ո՛ւմ դրանց հետ ղրկենք…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ