20 տարի է՝ մեկն էսպես չէր շտապեցնում երկրի գործադիր իշխանությանը, որ քայլեր աներ: 20 տարի է՝ չկար նման խուճապ, թե «ինչո՜ւ երկրի՜ գործադի՜ր իշխանությո՜ւնն իրար հետևից հարցեր չի՜ լուծում»: Բայց էս 20 օրում 20 անգամ գերազանցեցին 20 տարվա պլանը: Թե՛աջից, թե՛ ձախից, թե՛ արևմտյան, թե՛ հյուսիսային քամուց քշվածների կողմից, թե՛ մշտական հակառակորդների, թե՛ երբեմնի համախոհների կողմից հնչում են «տագնապի ահազանգե՜ր» ու «խուճապի կոչե՜ր». «հարա՜յ, Նիկոլը ոչ մի ձեն չի հանում, հարա՜յ, Նիկոլը «մանդրաժ» է, հարա՜յ Նիկոլը «ցուգցվանգ» է ընկել»…

Է հետո՞:

Էդ աղաղակողներին վայ թե թվում է, թե իրենք էդ աղաղակներով հայոց քաղաքական միտքն են քնից արթնացնում: Գիշերն իրենց անքնությունն ինտերնետում ամոքելու վե՜հ առաքելությամբ էդ «ուխտավորներին» թվում է, թե իրենք իրենց «վառած ճրագներով» էդ գիշերվա մեջ «հայոց քաղաքական մթնած միտքն են լուսավորում»: Էդ նույնն է, որ մի անքուն լուսատտիկ կարծի, թե իր տված լույսով, էս է, աշխարհը նե՜նց կլուսավորի, որ գիշերը ցերեկ տեղում կսարքի: Հետո էդ լուսատտիկը տեսնում է, որ իր տված լույսից գիշերը ոնց որ ցերեկ չի դառնում, սկսում է մտածել, թե մի քանի լուսատտիկով որ հավաքվեն, իրենց ուզածը այ նո՛ր կկատարվի: Հավաքվում, սկսում են խմբով լուսավորել, էլի բան չի ստացվում, սկսում են կոմպլեքսավորվել ու հիմա էլ սկսում են ճռռիկի պես մարդու նյարդ քայքայող էն ուլտրաձայնով խմբակային ճռռալ, խմբակային նվվալ, ճռռոց-նվվոցի էդ «մեղեդու» անունը դնում «սեփական կարծիք»: Հա՛, սեփական է, բայց էդ «կարծիքով» որ մարդիկ շարժվեն, գիտե՞ք ո՛ւր կհասնեն: Չգիտե՞ք: Ես գիտեմ, բայց էկե՛ք չասեմ:

Ով հասավ, սկսում է ազգափրկիչ «ծրագրեր» գրել ու «քոմենթի» տեսքով հրապարակել: Ու նկատե՞լ եք, որ հաճախ էդ «ծրագիր-քոմենթներում», հեռու հայերենից, իրենց իմացած էդ «հայերեն» բառերը անգլերեն տառերով են գրում: Գիտե՞ք ինչո՛ւ են էդ «տրյուկն» անում: Ապրե՛ք: Ճի՛շտ կռահեցիք. որ արած տառասխալները չզռռան, իրենց էդ զռռոցով իրենց բերած էդ «հանճարեղ մեղեդին» չդնեն-հարամեն…

Մի խոսքով՝ առաջարկում եմ, որ ամեն մեկն իր ոտները էդպես մեկնելուց առաջ իր ոտ մեկնելու էդ հարցն իր վերմակի հետ համաձայնեցնի, թե չէ հիմա էլ ուրիշ բան կզռռա. հիմա էլ կզռռա, որ լրիվ բոբիկ է:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ