Երջանիկ երազախաբություն

‹‹Ինչքան հեռու դաշնակներից, այնքան լավ և հայ ժողովրդի, և հենց իր Նիկոլ Փաշինյանի համար››:

Երջանիկ Աբգարյան, նախկին երեսփոխան,1992-1997թթ. ՀՀ մաքսային վարչության պետ

Դաշնակները կործանեցին 1-ին հանրապետությունը: Եվ եթե չլիներ չդաշնակցված հայ ժողովուրդը, ապա ՀՅԴ-ն կվերակնքեր Ալեքսանդրապոլի պայմանագիրը և ‹‹Ծովից ծով Հայաստանից›› կթողներ ‹‹Հայաստան›› անվանումով մի արգելոց. Ասենք՝ Սևանա լճի կղզի-թերակղզին: Այս գերհայրենապաշտպան ծրագրի կենսագործմանը խանգարեցին նաև Նժդեհը, այնուհետև՝ 11-րդ Կարմիր բանակը:

70 տարի անց ՀՅԴ-ի հոգեզավակ ՀՀՇ-ն փորձեց վերակենդանացնել ‹‹Հայաստան-արգելոց›› համաթուրանական նախագիծը՝ փլուզելով կոմունիստական Հայաստանի բարգավաճ տնտեսությունը, ծաղկուն մշակույթն ու գիտությունը:
Վերստին
ձախողում:

Զարթոնք ապրող հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց 30 հազար քառակուսի կիլոմետր վրա փռված ՀՀ-ն, այլև հետ բերեց շուրջ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք Արցախում:

Այսպիսով՝ ՀՅԴ-ն և ՀՀՇ-ն հակահայկականության վառ խորհրդանշան են, քաղաքական կաթնեղբայրներ, երկրադավ երկվորյակներ: Ժամանակը չէ՞, որ ՀՅԴ+ՀՀՇ հակաազգային դաշինք ձևավորվի, միմյանց խառնի ցուցամատերի արյունը և լքի երկրի սահմանները:
Անվերադարձ:

Երջանիկ Ա., կփորձե՞ս նշյալ ազգափրկիչ ծրագրի կնքահայրը դառնալ:
Պարզաբանիր,
պաղատում ենք

Ագարակի ավագանի