«Մարդիկ ավելի դյուրին են հատուցում չարին, քան բարուն, որովհետև երախտահատույց լինելը լուծ է, վրեժ լուծելը՝ բավականություն»:

Կոռնելիոս Տակիտոս , հին հռոմեացի պատմիչ, մ.թ. 54-120 թթ.

Քաղաքացիներն իրենց երկիրը շատ են սիրում, իսկ եթե հպա՜րտ, թեկուզ և աղքա՛տ քաղաքացիներ են լինում, ապա հենց իրենց երկրի վիճակը հե՜չ լավ չի լինում, ու հենց իրենք սկսում են ամաչել իրենց երկրի վիճակից, հեղափոխություն են ճարահատ անում:

Քաղքենիները աղքատ չե՛ն լինում ու իրենք իրենց երկրի տեղ իրանց օֆշորներն են սիրում, իրենց երկրի տեղ էդ երկրի բյուջեի ու էդ աղքատների հաշվին կառուցած ու սրա-նրա անունով գրանցած իրենց տներն են շինում ու սիրում: Բացի էդ տներից՝ իրենց գարաժներն են շինում, վիլլաներն են շինում, օբյեկտներն են շինում: Իրենց էրես առած էրեխեքից ու իրենց լա՜վ բտված քավորներից ու խնամիներից զատ՝ էդ երկրում ապրող մյուս բոլոր մարդկանցից ալերգիա են ունենում, ուստի, փաստորեն, ողջ երկրի՛ց են իրենք ալերգիա ունենում ու, իրենք ըտենց հիլոտ, չեն ուզում, որ քաղաքացիները հեղափոխություն անեն, երկիրն էդ ծանր վիճակից հանեն: Որովհետև հենց երկիրն իր էդ ընկած տեղից հանկարծ հանեցին, իրե՛նք կընկնեն էդ տեղը, որտեղից երկիրը հանեցին:

Ըստ այդմ՝ պարզվում է, որ քաղաքացիները, ովքեր կորցնելու հե՜չ բան չեն ունենում, «դուխով» են լինում, իսկ քաղքենիները իրենց հավկիթների վրա թուխս նստած թխսկանների պես էնքա՜ն երկչոտ են լինում, որ սկսում են վախից «ՄԻԵ՜Դ-ՄԻԵ՜Դ» կչկչալով կանչել:

Բայց, միաժամանակ, քաղաքացիները մարդ ճանաչելու հարցում անփորձ են լինում, ուստի լինում է, որ նե՜նց մարդկանց են դնում ղեկավար տարբեր պաշտոնների, որոնք դեռևս էնքա՜ն չտես են լինում ու որոնք, փոխանակ դնեն, քաղաքացիների՜ն իրենց արած էդ հեղափոխության համար շնորհակալություն հայտնեն ու երախտահատույց լինեն, դնում, իրենք իրե՜նց են «մաղարիչ անում ու երախտահատույց լինում»:

Դրան հակառակ՝ քաղքենիները շա՜տ «քոքված» ու փորձառու են լինում ու, ճիշտ է, իրենք արդեն շա՜տ տեսած են ըլնում, բայց իրենք էլի նո՜ւյն չտեսն են մնացած լինում: Ու քանզի, արդեն ասացի, հետն էլ «քոքված» են լինում, իրենց «մաղարիչները» ոչ թե էդպես «ժողովրդավարական ու թափանցիկ ճանապարհով», այլ սուսուփուս ու զարտուղի ճամփեքով են անում: Դրա՛ համար իրենք էդ նույն բանից վատթարը, 20-30 տարի է, անում էին, մեկն իրենց արածի ձենը չէր լսում, մեկն էդ անողի ձեռը չէր բռնում:

Եւ ուստի դո՛ւք էլ, հարգարժան քաղաքացիներ, այսուհետ ուշադիր եղեք, որ ձե՛ր հաղթանակի շնորհիվ նշանակված պաշտոնյաները ձե՛ր հաղթանակի առթիվ ոչ թե միմյա՛նց «մաղարիչ» անեն, այլ ձե՛զ երախտահատույց լինեն, մանավանդ որ գնալով դժվարանալու է, քանզի քաղքենիներն, էդ «մաղարիչները» սարքած մատի փաթաթան, արդեն սկսել են ռևանշի համար «կամպրամատ դիզել», որպեսզի իրենց քեֆն ու իրենց հավեսը բերող իրենց վրեժը լուծեն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ