Մագերամովի ‹‹վախճանը››

Գնդի մասին հուշագրությունն այնուամենայնիվ պետք է ավարտել: Ուշագրավ եղելությունները տարիների հեռվից հանկարծ արթնանում և մղվում են առաջ, սակայն դադար տանք. բավականաչափ ներկայացվեցին բարքերը խորհրդային բանակի շարքային մի գնդում, որոնք նույնական էին կայսրության զինված ուժերի համար:

***

Ծառայության վերջին ամիսը քնարական զգացմունքներով էր պատել զորացրվող զինվորներիս հոգին: Գունդը, ավելի ճիշտ սպայակազմը, երանության մեջ էր, երկու տարի կարգազանցությամբ աչքի ընկածներին ստիպում էին պարտքը մարել аккордный наряд-ով:

Аккорд-ը եզրափակիչ գործողությունն է, наряд-ը՝ վերակարգը:

Կարգազանցները Գնդի համար որևէ կարևոր գործ էին կատարում, որից հնարամտորեն խուսափել էին երկու տարի շարունակ: Սովորաբար եզրափակիչ վերակարգում կարճաժամկետ, սակայն ծանր աշխատանքներ էին՝ խրամատի փորում, ջերմոցի փլուզված պատերի և արտաքնոցի տանիքի վերականգնում և այլն:

Գայոզ Նաչկեբիայի հերթապահության ժամանակ գողացել էին թիվ 1 վաշտի լենկոմնատայի գրասեղաններից մեկը: Գայոզն առանց գրասեղանի վերականգնման զորացրվել չէր կարող և կշարունակեր ծառայությունը մինչև 1975-ի դեկտեմբերի 31-ի 24 00-ն: Այս կանոնակարգը վերաբերում էր ողջ խորհրդային բանակին: Մեկ րոպե անց նա, սպայի ուղեկցությամբ, պետք է լքեր զորամասը և վերադառնար մենգրելական հարազատ Բախվի գյուղը, որտեղից բանակ էր զորակոչվել:

Գայոզը անսպասելի տեղացած ձյան տակ ընկած հասուն մանդարինի պես տրտմած էր: Խնդրեց մի բան անել: Ջեմալի և Էռնազարովի հետ անցանք գործի: Գիշերով ներխուժեցինք Գնդի ակումբ, կորզեցինք բեմում դրված գրասեղանը և հասցրինք լենկոմնատա: Ակումբի գրասեղանը ներկած էր, բայց լաքապատված չէր, և կարող էր աչք ծակել: Ինչ-որ հրաշքով գտնված լաքով այն ծածկեցինք՝ հուսալով, որ մինչև առավոտ, այսինքն՝ մինչև Կապչյոննու ստուգայցը, լաքապատ մակերեսը կչորանա:

Լաքապատումն ավարտվեց, բայց ծագեց մի այլ խնդիր. իր չափերով նոր սեղանը ավելի մեծ էր լենկոմնատայում բազում քաղպարապմունքային անհեթեթությունների ականատես գրասեղաններից: Հայկական հնարագիտությունս այս անգամ էլ ինձ ձեռք մեկնեց: 200մմ երկարությամբ 12 մեխով գողոն-գրասեղանը գամեցինք հատակին: Հաշվարկ պարզունակ էր և խորամանկ՝ անհնար կլիներ գրասեղանը պոկել հատակից. յուրաքանչյուր մեխ գրեթե 15 սմ խորությամբ ներխուժել էր զորանոցային հաստատախտակ հատակի մեջ:

***

Հավանաբար իմ և Կապչյոննո դիվանագիտական առճակատումը մեծ բավակնություն էր պատճառում ոմանց: Մեզ մատնել էին, սակայն Մագերամովը կենտրոնացավ ինձ վրա և զեկույց ներկայացրեց Գնդի շտաբի պետ մայոր Սկիբային, որպեսզի ծառայությունս երկարացվի մինչև տարվա վերջ: Այնուամենայնիվ Նաչկեբիան հավուր պատշաճի հրաժեշտ տվեց ինձ և խոստացավ 10 տարի շարունակ նոր տարուց առաջ 10 կգ մանդարին, նույնքան նարինջ և 1 տիկ գինի ուղարկել… ծանոթ հայերի միջոցով: Էռնազարովն ու Ջամիրաշվիլին անխռով սպասում էին զորացրմանը:

***

Մայոր Սկիբան Գունդը հավաքել էր բռան մեջ: Սովորում էր ԽՍՀՄ գլխավոր շտապի ակադեմիայում և պատրաստվում էր թռիչքի դեպի բարձր սպայակազմ: Տարիներ անց ‹‹Ծառայում եմ Սովետական Միությանը›› հեռուստատեսային հաղորդաշարերից մեկում նա արդեն բանակային կորպուս էր ղեկավարում՝ գեներալ-լեյտենանտի ուսադիրենրով պճնված:

Կապչյոննու հաշվարկը նենգ էր և, ինչպես միշտ, ձախողված: Բացառիկ դեպքերում էին որևէ զինվորի ծառայության ժամկետը ձգում մինչև ընթացիկ տարվա վերջին օրը: Այդ զինվորը, որը պատուհաս էր եղել ծառայակիցների գլխին, կորցնելով իր զորահավաքի մասնակիցների աջակցությունը, դառնում էր իզգոյ, նրան ամենատարբեր կտտանքների էին ենթարկում բոլորը՝ սկսած ստարիկներից, վերջացրած նորակոչիկներով: Օրինակ՝ նորակոչիկը ստիպում էր իզգոյին անգիր արտասանել ծառայական կանոնադրությունը և երգել ‹‹Не плачь девчонка›› մելամաղձոտ և ջրիկ երգը, Սկիբայի առանձնասենյակում Մագերամովի, գումարտակի քաղղեկ Կարպենկոյի և, իհարկե, Սկիբայի մասնակցությամբ քննվում էր շարքային Առաքելյանի վարքը: Ինչպես պատմում էր Շտաբի գրագիր Սլուխովը, որը Սկիբայի գրասենյակում կայացրած որոշումները դեպքից դեպք հայտնում էր Գնդի ակտիվին, մեկ ժամանոց քննարկման ընթացքում քաղղեկ Կարպենկոն լռել էր՝ բացառիկ մի բան, որն անհար էր մեկնաբանել: Չէ որ խախոլ քաղղեկը, անգամ վատ փայլեցված սապոգները հայտնաբերելիս, կարգազանցին նվազագույնը 1 ժամանոց բանադրանքի էր ենթարկում՝ սովորական փնթի սապոգը համարելով սադրանք խորհրդային պետության անվտագնության դեմ:

***

Վաշտում հայտնի էր, թե ինչ է կատարվում Գնդի շտաբում: Արդեն ստարիկի կարգավիճակում գտնվող զինվորները շրջապատեցին ինձ և մեկ առ մեկ հիշեցրին Մագերամովի բոլոր տմարդի արարքները: Եվ կարդացին դատավճիռը՝ կամ էդ մուդակին կհասցնես վաշտը ինքնակամ լքելու հոգեվիճակի, կամ էլ օր ու արև չես տեսնի:

Համաձայնեցի: Նախ՝ ելք չունեի և, երկրորդ, խորապես համոզված էի, որ Կապչյոննին, միևնույն է, սայթաքելու է, և այս անգամ արդեն նրան ի սրտե պատժելու էի, այսինքն՝ թողնելու էի բախտի քմհաճույքին:

Սակայն շաբաթը նախորդեց ուրբաթին: Սլուխովը զանգահարեց և դավադիր պատմեց, թե ինչ է լսել՝ ականջ դնելով Սկիբա-Մագերամով երկխոսությանը: ‹‹Առաքելյան, չես էլ պատկերացնի, թե Սկիբան էդ ապուշին ոնց շշպռեց, ասաց՝ այ մարդ, էդ զինվորը պատիվդ փրկեց, իսկ դուՀերիք է խաղաս մեր սպայական պատվի հետ, զինվորների մոտ ենք խայտառակվում: Առաքելյանին շտապ հանձնիր զինգրքույկը և բարի ճանապարհ մաղթիր››:

Համաձայն կանոնակարգի, Մագերամովը պետք է անձամբ հանձներ զինգրքույկը՝ վաշտի առաջ և մաղթեր նոր սխրանքներ՝ արդեն քաղաքացիական կյանքում: Սակայն Կապչյոննին օրը ցերեկով անհետացել էր: Զինգրքույկը նրա հանձնարարությամբ ինձ մատուցեց լրիվ լուրջ Խարիտոնը:

Մնաս բարով քաղաք Կույբշև, իմ երիտասարդության արկածախնդիր օրերի մայրաքաղաք:
Մնաք
բարով 454-րդ առանձին մեքենայացված քաղպաշտպանության գունդ և թիվ 1 վաշտ:
Մնաք բարով №31-ի ազդականչեր:

Ի դեպ՝ Մագերամով-Կապչյոննին ծնվել և հասակ էր առել ԼՂԻՄ-ի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Այսքանը…

ՎրեԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ