Արա դե ի՜նչ ուզում ես արա, էդ անտեր «պոլտերգեյթս»-ը միշտ մեզնի՛ց է անպակաս, «գյոռնափշտիկներն» էլ՝ էդ շենքի՛ց: Էդ տղեն մի հատ դուրս էկավ՝ գնա կառավարության շենք, որ մարդ ընդունի, «գյոռնափշտիկներն» էլի էկան, էլի էդ շենքը մտան: Որովհետև ո՞նց կարա պատահի, որ մեր հպա՜րտ (թեկուզ անգամ՝ անգիտակից) որևէ քաղաքացի հանկարծ մտնի շենք, հուշադրամներն առնի-տանի, ու իր էդ կատարած «սխրանքի» դիմաց ինքն իրեն դնի-պարգևատրի: Ու թեկուզ էդ շենքն էսօր սարքել են «պռախադնոյ դվոր», մենք չունենք նման ոչ մի քաղաքացի:

Իսկ ամենավիրավորականն էլ այն է, որ հունվարի 25-ց մինչև հունվարի 30-ը անգամ տեղյա՜կ չեն եղել գողության մասին: 5 օր հետո, փաստորեն, նո՛ր են դրանց բացակայությունը նկատել, քանզի հայտարարության մեջ ասում են, որ «գողացել են հունվարի 25-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում»:

Ու հանկարծ գողության փաստը արձանագրելու հաջորդ օրը՝ ամսի 31-ին, գողոնը խելո՜ք, ի՜ր ոտով… հետ է վերադառնում: Քննիչներն սկսում են գլուխ ջարդել, բայց ոչ մի պատասխան սրան չեն գտնում:

Ու այ ստեղ զգացի, որ հոգուս մեղք եմ արել ու վերնագիրը սխալ եմ դրել, լրիվ սխալ ուղղությամբ եմ էս դեպքի շուրջ սկզբից մտածել: Քննիչներին օգնելու կարգով՝ ասեմ՝ ինչ է եղել: Չէ՛, ո՜չ մի «պոլտերգեյթս», ու ո՜չ մի անծանոթ «գյոռնափշտիկ»: Լա՜վ էլ ծանո՞թ «գյոռնափշտիկ». ա՛յ էդ մեկը՝ խնդրե՛մ:

Ըստ իս՝ օտար ոչ ոք էդ շենք չի մտել. էդ շենքի ներսում դեռևս թաքուն շենքի հին տերն է վայ թե բնակվում: Բա ո՜նց, էդ մարդուն տուն դեռ չեն տվել, էլ ո՞ւր պտի գնար, հո դուրսը չպտի՞ էս ցրտին մնար, մանավանդ բանալին ինքը չէր հանձնել: Գալիս-գիշերում, առավոտ հինգին զարթնում, աննկատ շենքից դուրս է գալիս, դրսում ֆռֆռում, գիշերը նորից հետ է վերադառնում:

Ու օրերից մի օր էլ, ավելի ճիշտ՝ գիշերներից մի գիշեր էլ քնած տեղից ծածուկ ելել է, որ գնա-թարմանա, ճամփին իրա էդ «դրամները» տեսել, ցանկացել է հավեսը հանել, գայթակղությանն էլ չի դիմացել, դրել է գրպանն ու շխշխացնելով ման եկել, հին օրերն է հիշել: Ինքը շա՞տ գիտեր՝ պիտի նկատեն ու սենց աղմուկ հանեն: Ուստի որ ձենները կտրեն, մի քանի օրից, հենց նկատել են, որ դրանք չկան, էլի գիշերով մեդալները նորից բերել, իրանց տեղն է դրել:
Նենց որ, ժողովո՛ւրդ, էդ «պոլտերգեյթս» չէր, էդ… «պոլտերսերժն» էր:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ