«Եթե հաղթել ես, մի՛ խոսիր ոչինչ, եթե պարտվել ես, խոսիր առավե՛լ քիչ»:
Պոլ Բրաուն, «Քվանտային թռիչք», «Գաղտնի նյութեր»
սերիալների հեղինակներից

Ոնց էլ լինի, մասնակիցն ու ականատեսը եղած կլինեք որոշ խնջույքների, երբ կենացները թանկանալու հետ համ էլ շեղվում են, գնում լրիվ ա՛յլ, երբեմն անգամ լրիվ հակառա՛կ ուղղությամբ: Արդեն սկսում են այնպիսի՜ կենացներ առաջարկել, որ ո՛չ այդ միջոցառման «մեղավորին» որևէ առնչություն ունեն, ո՛չ այդ միջոցառման բնույթին:
Ասենք՝
քելեխ է, մեկ էլ շեղվում են ու ինչ-որ մեկի ծնունդ շնորհավորում, «նորածնով» ընկնում, մեռելին մոռանում են, քելեխը կամա՜ց… «զվարթացնում»: Կա՛մ, հակառա՛կը, ծնունդ է, բայց սկսում են հին-հին մեռելների կենդանի կենաց խմելուն անցնել:
Ինչու
բերեցի այս օրինակնե՞րը: Որովհետև այսօր մեր քաղաքական դաշտում ճիշտ նման կարգի շեղում է զգացվում: Ի՛նչը թողնելն ու ինչի՛ հետևից ընկնելն է այսօր էդտեղ նկատվում:

Այսօր մեր քաղաքական դաշտումմառախուղ է:

Հաղթողները դեռ իրենց հաղթանակն են տոնում, միմյանց են դեռևս ակտիվ շնորհավորում, միմյանց «մաղարիչ» ու պարգև անում, մոռանում, որ հա՛, հաղթել են, բայց հաղթել են, որ արդեն գործի անցնեն, երկրի գործերն արդեն լավացնեն: Իսկ պարտվողներն էլ (մանավանդ չնչին տոկոս հավաքած պարտվողները) փոխանակ խոհեմաբար լռեն, տափ կենան՝ գնալով ավելի բարձր ձայնով են հավատացնում մարդկանց, թե իրենք պարտվեցին, բայց հաղթողներն իրենցից ոչ էլ լավն են, իրենք են լավը, ուղղակի ափսոս բախտ չունեին, որպեսզի նորմալ տոկոս հավաքեին:

Ու ա՛յ ստեղ արդեն շատ բան կախված է հենց հաղթողներից՝ իշխանության եկած անփորձ, բայց մարդկանց ընտրյա՛լ ու նո՛ր անհատներից:
Նախ,
իրենք ուրիշ ճար կարծես չունեն. իրենք ստիպված են Դավթի նման օր օրի, ժամ ժամի հասունանալ ու փորձ ձեռք բերել: Հասկանալի է, սխալներ են անում, բայց ախր Դավիթն էլ, մոռացա՞ք, ինչու «թլոր Դավիթ» դարձավ. վառվող մարխն առավ, բերանը տարավ:

Ու Դավթի էդ «սխրանքն» էսօրկրկնվեց: Բայց, ոնց որ ասում են, թող անցած ըլնի, բերանը տարած վերջին մարխն ըլնի, սրանից հետո մարխն էդ փորձ կըլնի: Բայց թե էդ մարխը «ճաշակողն» հանկարծ պտի հավեսի՜ ընկնի ու էլի՛, անընդհա՛տ մարխն առնի, բերանը տանի, ապա վախենամ՝ որոշ ժամանակ հետո այլևս ո՛չ խոսելու տեղ, ո՛չ հնար ըլնի, լեզո՛ւն էլ, ի՛նքն էլ էն «Պույ-պույ»-ի օրն արդյունքում ընկնեն:

Խնդրե՛մ, դեմ չեմ. մարդիկ հավեսով դրել-պայքարում են կոռուպցիայի դեմ: Ու պայքարում են սկզբունքայնորեն: Բայց էդ պայքարին զուգահեռ պետք է նաև սեփական կադրերի վրա՛ աչքը զգոն պահել, ձեռի հետ նաև նայել ու տեսնել, թե դրա՞նց հոգին ինչ խորություն ունի, կամ, հակառակը, հանկարծ ու մեջը հե՜չ հոգի չըլնի, քանզի, ոնց որ փորձանքն է բոլորի համար, էնպես էլ գայթակղվելն է բոլորի համար: Թե չէ մեկ էլ տեսար հների դեմ ակտիվ պայքարեցիր-պրծար, դրանց բոստանում ինչ կա, արմատախիլ արիր-պրծար, բայց էդ ընթացքում սեփական բոստանումդ մոլախոտը ելավ, բոստանդ կերավ:

Ինչ վերաբերում է պարտվածների՛ն՝ հների՛ն, ապա, ճիշտ է, իրենք լավ փորձառու են, ես կասեի անգամ՝ լավ «քոքվա՜ծ», բայց, մյուս կողմից էլ, լա՜վ էլ «քոքահա՛ն» են արվում: Ո՛չ գանգատ արեք, ո՛չ պահանջ դրեք. նայեք՝ «քոքներդ լրի՜վ չտան»՝ չքվեք:

Ձեր առաջ էսօր ուրի՛շ խնդիր ունեք. մարդա մի հատ ընտիր քարանձա՛վ ընտրեք, ու մանրի՜ց գնացեք, էդտեղ սուս ճգնեք: Իսկ իրիկուններն էլ ձեթի ճրագն առեք ու արդեն էդպե՛ս ձեր «լայվը» մտեք: Գլխավորը, որ անընդհատ աղոթեք:

Դե ինչ, աղոթողների չարչարանքը թող ապաշխարանք ըլնի, իսկ հաղթողների՛ն էլ՝ նո՛ր պաշտոնյաներին, մեկ-մեկ Նիկոլը թող էդ «ճգնավորների» քարանձավներն էքսկուրսիա տանի ու լա՜վ ման ածի՝ հանց սառը ցնցուղ ամեն հարբածի

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ