Ճիշտն ասած՝ նյութիս վերնագիրն ուզում էի դնել «Աղվեսները», բայց հիշեցի, որ «աղվես» մի հատ է լինում, երբ առաջ ընկնում, բոլորից շուտ է գալիս հարսի տուն, որ խնամիների մոտալուտ գալուստն ազդարարի: Բայց մունետիկն էլ գրեթե «աղվեսի» «կոլեգաներից» է, ուղղակի, ի տարբերություն «աղվեսի», մունետիկ մի հոգուց շատ էլ կարող է լինել, սակայն էսքա՞ն շատ, որքան Գերմանիա մեկնած ՀՀԿ «դելեգացիան»: Անխիղճներն ավելի մեծ բանակով էին Գերմանիա մտել, քան մերոնք՝ 45-ին

Մի խոսքով՝ մեր «մունետիկ-աղվեսներն» էկան Գերմանիա՝ «պա-բա-պա-բա-բա-բա՜» ու «ո՜վ ունի, ո՜վ ունի, ո՜վ ունի» աղաղակելով, որ բացեն ճամփեն «հրեշտակին քով» եկող Նիկոլի… Թե չէ իրենց էսպես հանկարծակի «Բեռլին մտնելու» ուրիշ պատճառ չեմ գտնում: Մանավանդ որ դժվա՜ր իրանք 45 թվի մտքով մտած լինեին: Շա՜տ-շա՜տ Աշոտյա՛նն էդպես բան մտածած լիներ, էն էլ Վիգեն Խաչատրյանը դժվար թե թողներ՝ էդքան տաքանա:

Նիկոլի՝ Քյոլնի համալսարանում ելույթից հետո մեր մունետիկներն էլ գուցե հավեսի ընկնեին, մի համալսարան էլ իրա՛նք «լուսավորեին», բայց էլի սա՜ղ էդ աղջիկը խանգարեց. սա՜ղ իրա էդ հագած «դեղին-լիմոնըվի յուբկեն» համը հանեց: Անգութն ընե՜նց թունդ դեղին էր հագել, որ ինչքան «գերմանու մեղու» կար ըտեղ, հասան վրեքը, ստիպված փախան, մտան համարներ, դուռը փակեցին ու էլ դուրս չեկան:

Առհասարակ, էդ աղջիկը վայ թե սկզբում իմացած է եղել, թե Աշոցք են գնում, նոր վերջին պահին են երևի հիշեցրել, թե ուր են գնում, բայց արդեն էլ ի՜նչ. էդ սապոգնե՛րն էլ, էդ բրդից, վայ թե էրկու տակ հագած «կալգոտկե՛քն» էլ արդեն հագած է եղել

Ամեն դեպքում, կեցցե՛ք, մեր մունետիկնե՛ր: Սրանից հետո Նիկոլն ո՛ւր գնաց, դուք միշտ, իրան կանխելով, իրանից առաջ էդտեղ կգնաք, որ էդ տղու գալը ձեր «պրոֆեսիոնալ տեսքով» ազդարարեք, հայոց վարչապետի գալստին դրանց նախապատրաստեք:

Բայց հաջորդ անգամ էդ դեղին «յուբկեն» հանկարծ չհագնեք, աչքը դնելու տեղ ունքը կհանեք. էդ դեղին «յուբկեն» տեսան ու հետն էլ իմացան, որ դուք հայոց վարչապետի՛ «մունետիկներն» եք, ներդրումների տեղ մեր երկիր դրանք կսկսեն շոր ուղարկել

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Հազա՜ր ներողություն, զի նո՜ր ջոկեցի. էդ խեղճ աղջիկը սև «վադալազկի» ու դեղին «յուբկի» հետ վայ թե մի հատ էլ կարմիր շալ է գցած եղել, ուղղակի նկարվելիս երևի հանել են տվել: Ինչո՛ւ կարմի՞ր: Բա ո՜նց. որ Գերմանիայի դրո՜շն ստացվի՝ Աշոտյանի «փայլուն զանգակատանը» կից հպա՜րտ ծածանվող