Այո՛, վերստի՛ն պարզվեց, որ մերն էլի ուրի՛շ է. ուրի՛շ նախագահ է մեր նախագահը: Ինքն արար աշխարհին իրեն այնպես սիրո՜ւն ներկայացրեց, որ էդ աշխարհն արդեն լրիվ «իրազեկ» է, որ ի՛նքը՝ Արմե՛նն էր առաջինը, ով «համարձակվեց ու դուրս եկավ հեղափոխական ժողովրդի մեջ», իր ողջ հասակով կանգնեց նրա առաջ, ձեռքը վեր պարզեց, նորից իջեցրեց (ինքը կարար՝ էրկո՛ւ ձեռքը բարձրացներ-իջեցներ, բայց էն մի ձեռին «մառոժնի» կար) ու ասաց՝ խաղաղությո՜ւն ամենեցո՜ւն, ու ամենքը խաղաղվեցին՝ իր հիպնոսացնող ձայնից կախարդված:

Ինքը չլիներ՝ հեղափոխությունը լրիվ ուրիշ ուղղությամբ շեղվեր-կգնար: Տո հենց ի՛նքը Նիկոլին իր ձեռքով նախ դրեց մարդկանց գլխին առաջնորդ, ապա իր էդ նույն ձեռքով դրեց վարչապետ ու հլա հրամանագիր էդ ձեռքով ինքը ստորագրեց, ու Նիկոլն իրա՛ առաջ երդվեց:

Թե «Ավրորայի» զարկն ազդարարեց Հոկտեմբերյան մեծ հեղափոխությա՛ն սկիզբը, ապա էրեխեքի հետ «մառոժնի» ուտելիս Արմեն Սարգսյանն իրա արձակած «օխա՜շ»-ով ազդարարեց Թավշե՛ հեղափոխության սկիզբն, ուարար աշխարհն Արմենի՛ անունով էլ հենց այդ հեղափոխական երկիրը կոչեց ԱՐՄԵՆԻԱ:

Ու դրա վառ ապացույցն էլ այն է, որ արար աշխարհում մեզ ոչ թե Հայաստան, այլ ԱՐՄԵՆԻԱ են ասում. է՛ էդ մարդիկ մեզ ախր Արմենո՜վ են միայն ճանաչում

Լեգենդն ասում է, որ հերթական ֆորումում տեսնելով Արմեն Սարգսյանին՝ «արար աշխարհին դեռևս անհայտ ինչ-որ երկրի» նախագահի պաշտոնում, բղավել են՝ «Էս դու ե՞ս, ու էս քո երկիրն է՞, Արմե՞ն, իա՜», ու Արմենին ճանաչող այդ արար աշխարհը միահամուռ այդ երկիրը կոչել է ԱՐՄԵՆԻԱ ՜, որ ստուգաբանվում է որպես Արմենի նախագահած երկիր:

Համաշխարհային էլիտան, սակայն անչա՜փ դժգոհ է Արմենի նախագահած երկրից: Ինչո՞ւ: Որովհետև ոնց որ թա՜րս ըլնի. հենց էդ մարդուն վարչապետ են դնում, սահմանադրությամբ՝ երկրի գլխավորը նախագահն է լինում, հենց էդ մարդուն նախագահ են դնում, հիմա էլ ուրի՜շ սահմանադրությամբ՝ երկրի գլխավորը վարչապետն է լինում:

Ի միջի այլոց, քվանտայի՛ն՝ առավել զարգացա՛ծ աշխարհից մեր այս հետամնաց աշխարհ եկած այս դեսպանո՜րդը՝ այս նվիրա՜կը, մեր այս հետամնաց աշխարհում Թավշյա հեղափոխությունն առաջին հեղափոխությո՛ւնը չէր, որ դրեց-արեց: Ինքը հենց սկսեց Բրիտանիայում ապրել, իր մեծությամբ ընե՜նց շուրջը վարակեց ու քաջալերեց, որ սաղի՜ն լրիվ հեղափոխեց, ու Բրիտանիան նո՛ր սկսեց հիշել, որ ինքը Մեծ է, ու անհարմար զգաց մնալ Եվրամիության նեղ սահմաններում:

Հա՛, Արմե՛նն էր, որ «Բրեքզիթ» արեց:

Բայց միայն է՞դ է:

Մարդն էրկու ժամով գնաց Աբու Դաբի, Էմիրաթներում գենդերային հեղափոխություն սկսվեց: Վախենամ՝ շուտով թույլ տան՝ որ էդտեղ, քի՜չ շեյխ կա, կանանց էլ թողնեն՝ շեյխ դառնան

Իսկ դրան հակառակ՝ էդ մարդն էս տարի Դավոս չգնաց, Դավոսն էս տարի լրիվ զուր տեղն անցավ:

Եւ վերջապես ամենահո՜ւյժ գաղտնի նորությունը: Ասում են՝ Արմեն Սարգսյանը, նպատակ դնելով մեր փոքրաթիվ ազգը «բարելավելը» ու «բազմացնելը», պամանավորվել է իրա ծանոթ այլմոլորակայինների հետ, որ իրա անունով կոչվող ԱՐՄԵՆԻԱ երկրում դրանք ներդրում անեն: Ասում են՝ դրանք մի հատ հսկայական «օբյեկտ» են Արմեն Սարգսյանի հետ, փոդրաթ մտած, Արմենի խաթեր ստեղ կառուցում: Ու, ասում են, գիտե՞ք ինչ «օբյեկտ» են էդ բախտախնդիրները ուզում ներդնել մեր երկրում: Մեղա՜, Տե՛ր Աստված, ծննդատո՛ւն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ