Աշխարհի մի շարք երկրներ կարծես թե միաժամանակ որոշել են «համամարդկային» կոռուպցիայի դեմ պայքար մղել։ Հերթական երկիրը Սաուդյան Արաբիան է։ Դեռևս 2017 թվականին Սաուդյան Արաբիան գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի գլխավորությամբ լայնածավալ հակակոռուպցիոն արշավ էր սկսել։ Դրա ընթացքում ձերբակալվել են հարյուրավոր գործարարներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև թագավորական ընտանիքի անդամներ։ Անցած տարվա մարտին էլ թագավորության իշխանությունները կոռուպցիայի համար ձերբակալված արքայազններից գանձարան են վերադարձրել ավելի քան 100 մլրդ դոլար։

Քաղաքապետարանների հարցերով նախարարությունը թվիթերյան իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որ աշխատանքից ազատել է կոռուպցիոն գործունեության մեջ ներքաշված ավելի քան 126 պաշտոնյայի։ Աշխատանքից ազատվել են երկրի 15 քաղաքների, այդ թվում` Էր-Ռիադի պաշտոնյաներ։ Կոռուպցիայի դեմ մասշտաբային պայքարը դեռ շարունակվում է։ Տեսնենք, թե հաջորդը որ երկրներն են սկանդալային կոռուպցիոն դեպքեր բացահայտելու։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ