Երեխա ժամանակ մայրենի լեզվից մի ոտանավոր էինք անցնում, որի հեղինակն էր գուսան Շերամի որդին՝ մանկագիր, թարգմանիչ Վազգեն Տալյանը, և որն սկսվում էր այսպես. «Փիղը մտավ կրկեսը, բռնեց կրկեսի կեսը»… Երևի կռահեցիք՝ ոնց որ ցանկացած քաղաքակիրթ երկրում, մեզանում էլ «կրկեսը», բնականաբար, խորհրդարանն է, իսկ «փիղն» էլ այն քաղաքական ուժը, որ հաղթում է այդ խորհրդարանական ընտրություններում:

Հիմա ի՛նչ պիտի կոնկրետ մեր հաղթական «փիղն» անի, որ հասնողն ամեն օր ոտատակ չընկնի, իրա ջղերն էն պարսից փղերի ջղերի նման հա՜ չսղոցի
Տարբերակ
առաջին. իր շուրջն էղածը ոտնատակ անի:
Տարբերակ
երկրորդ. քուն մտնի: Հա՛, կանգնած տեղում քուն մտնի, մինչև լույսը կբացվի, բարին էլ՝ հետը:
Տարբերակ
երրրորդ. իր ներսից մի հատ ուրիշ փիղ ծնի, դրան իրեն հակակշիռ անի:
Տարբերակ
չորրորդ. հեչ բան էլ չանի, մի հատ երկա՜ր վիրակապ առնի, էղածը խնամքո՜վ, սիրո՜ւն փաթաթի ու խոնջ մի կողմ կանգնի:

Բայց չեղա՛վ, ոչ մի տարբերակն էլ չեղա՛վ, քանզի մոռանում ենք, որ «կրկես» է ախր, հանդիսատե՜ս կա, բա՜ն կա ախր, ու էդ հանդիսատեսը կարգին ներկայացում է ակնկալում ախր: Բանն այն է, որ այս պրակտիկան կոնկրետ մե՛ր «կրկեսում» նորույթ է: Ընդհուպ մինչև է՜ անցած տարվա վերջ մեր «կրկես» գազաններից միայն գել ու բանդեռլոգ էր գալիս ու գել ու բանդեռլոգ էր միայն հանդես գալիս: Մի խումբ բանդեռլոգներ Ակելայի գլխավորությամբ գալիս, «կրկեսում» իրականում ընդամենը մի 5-6 տոկոս բան լինելով, սկսում էին մյուս արարածներին ճնշել, իրենց բռի մեջ հավաքել ու «կրկեսն» էդպես, գրեթե 100 տոկոսով, իրենց ազդեցության տակ ու ձեռի մեջ պահել: Ու էդպես էլ հա՜ կշարունակվեր, բայց, ավա՜ղ, էս անգամ Ակելան «պռամախնուլսա», ու էդ պահից ի վեր բոլոր բանդեռլոգները կրկեսից փախան, իրանց ջունգլիների ծառերը թռան ու թառան, ու սկսվեց… «փղի դարաշրջանը»: Ու քանզի չկա ոչ մի նախադեպ, հիմա «փիղը» չգիտի, թե է՛ս դեպքում ո՛րն է ճիշտն, ու ի՛նչն ինչպե՛ս անի:

Ըստ իս՝ պետք է թողնել առայժմ թեկուզ սխալվի, բայց փորձ ձեռք բերի: Արած սխալն իր մտքից այլևս դժվար թե ելնի, քանզի ամենից լավ հիշողություն հենց փիղը ունի:

Երկրորդ, մենք ազգային մի հատ նե՜նց բնավորություն ունենք, ու մեր պատմությունը նե՜նց վառ է էդ բանը ցույց տվել, որ մեր դաշինքների մեղրամիսները, ի՜նչ ամիս, անգամ օրե՜ր չեն տևում: Էնպես որ, շուտով, ինքնաբերաբար, ոչ թե սուտի-մուտի, այլ իսկակա՜ն ընդդիմությում կձևավորվի, ու մեր «կրկեսում» նույնպես հավասարակշռությունը կվերականգնվի, մեր «կրկեսը» նույնպես «կգա բալանսի»: Իսկ հանդիսատեսին էլ ի՞նչ է մնում. է թող ծա՜փ տա, թե էդ ներկայացումն իրա դուրը կգա: Թե դուրը չի գա, թող շվվացնի ու, ձեռն ինչքան փոփ-քոռն կա, շպրտի վրեքը

Ու ա՛յ այդ պահին, որպեսզի լարված այդ մթնոլորտը մի ձևով մի կերպ լիցքաթափեն, արդեն կգա ծաղրածուների՛ն արենա հրավիրելու ժամանակը. հանդիսատեսը դրանցով կընկնի, էլ չիշվվացնի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ