«Քանի դեռ մեր քաղաքագետներն այսպիսին են, մենք առաջընթաց չենք ունենա: Քանի՞ քաղաքագետի կարող եք նշել, ով չտրվեց հեղափոխական էյֆորիային ու մտահոգիչ հարցադրումներ էր անում դեռ ապրիլին: Գտեք նրանց ու լսեք միմիայն նրանց, քանզի ճշմարիտ քաղաքագետը էյֆորիային չի տրվում»:

Արծրուն Պեպանյան ( իր կարծիքով՝ երևի քաղաքագետ, որ էսպես է խոսում)

Նախ, առանց էյֆորիայի ի՞նչ հեղափոխություն: Հեղափոխությունը տեղով հենց էյֆորիա է:
Երկրորդ, կարծիք ու վերաբերմունք հայտնելը որևէ երևույթի առթիվ էդ երբվանի՞ց դարձավ «էյֆորիային տրվել», հո բոլորը ձեզ պես չե՞ն, որ միշտ իրենց կարծիքը ապահով թաքցնեն ու դեռ երկրից էլ «առաջընթաց» պահանջեն:
Երրորդ, եթե էդ հեղափոխությո՜ւնը սրտներովդ չէր, գոնե է՛դ ասեք. մի անգամ գոնե կոնկրետ «հա» ասեք կամ կոնկրետ «չէ» ասեք:
20 տարի
է՝ համակարգը փտում էր: Եթե ուզում էիք, որ 20 է՞լ փտեր, ասե՛ք, մի՛ քաշվեք:
Ոնց
կար, էդպես մնա՞ր:
Ձեզ
որ մնար, հա՛, մի 20 էլ կմնար:

Քսան չէ, երեսո՛ւն տարի է՝ էդ խոհե՜մ, խոնա՜րհ, «էյֆորիա չընկնո՜ղ քաղաքագետներդ» ամեն մեկդ էսօրվա մի մերժվածի մոտ աշխատում էիք, լավ էլ բեմ ունեիք ու հնարավորություն: Ջհանդա՜մը, էլի հարմարվեիք, հա՜, բայց գոնե հետն էլ ձեր ունեցած էդ բեմերն ու հնարավորություններն օգտագործեիք, մի բան փոխեիք, «ռևոլյուցիոն» չէ, գոնե «էվոլյուցիո՜ն» մի պիտանի միտք էլ դո՛ւք արտահայտեիք՝ առա՜նց էյֆորիայի, ձեր ուզածի պես խելացի՜, խոհե՜մ: «Ռևոլյուցիայի» քաշներդ չէ՞ր հերիքում, գոնե «էվոլյո՛ւցիա» անեիք, ոչ թե ճահճի մեջ տեղավորվեիք ու դա՜շն կռռալուն էնքան վարժվեիք, որ էսօր է՜լ էլի իներցիայի ուժով ձեր էդ կռռալը շարունակեիք:

Արդյունքում՝ ձեր էդ 20-25-30 տարում մի հատ էդ ձեր ուզածի պես «մտածվա՜ծ» միտք ձեզնից ո՛չ ծնվեց, ոչ էլ նման մի խոսք ձեզնից չհնչեց:
Մյուս
կողմից էլ, եթե չեմ սխալվում, դուք նախորդ դարի 90-ականներին լա՜վ էլ ՀՀՇ-ի «խելքին ընկել՝ էյֆորիա էիք հավեսով ընկել»:
ՀՀՇ-
ի «հեղկոմի օրգանի» խմբագրի անուն-ազգանունը Արծրուն Պեպանյան չէ՞ր: Թե՞ էդ ուրիշն է եղել: Վայ թե ձեր անվանակից ու ազգանվանակից, նույն ձեր պատկերով ու բնութագրով այլմոլորակային «սամազվանեց» է եղել: Այլմոլորակային էդ «ավանտյուրիստները» մեկ-մեկ սիրում են տենց «կասկադյորություն» անել, երկրայիններիս տեղը գրավել, մեր տեղն ու մեր անունից ինքնագլուխ հանդես գալ, ու սենց մա՜րդքաշել:

Ասում եք. «Հարկավոր էր ապրիլին բոցաշունչ ստատուսներ գրելու փոխարեն հարցեր տալ հեղափոխականներին, թե արդյոք իրենք պատկերացնո՞ւմ են երկրի առջև ծառացած խնդիրները, արդյոք ունե՞ն դրանք լուծելու տարբերակ»: Է՜, հարց տվող չկա՞ր. դո՜ւք տայիք հարցեր: Ու ինչո՞ւ հենց անցած տարվա ապրիլին միայն. 20 տարվա մեջ ցանկացա՛ծ տարվա ցանկացա՛ծ ամիս ընտրեիք ու ռիսկո՜վ, համարձա՜կ ձեր հարցերը տայիք:

Եւ ինչո՞ւ հենց հեղափողություն անողներին. Քոչարյանի՜ն տայիք, մերժված Սերժի՜ն տայիք ու դո՛ւք դնեիք, իրենց մերժեիք: Թե՞ դուք Շիրազի ասած «չափ ու կշիռ էնողն եք» բոլոր ժամանակներում: Բոլորի օրոք, մի հով-ապահով, «ստվերախիիտ» անկյուն խոհեմաբար քաշված, չափ ու կշի՞ռ կէնեք: Ինքներդ հե՜չ բան չեք էնե, սակայն սրան-նրան կողքից, էն էլ՝ հետին թվով, կքննադատեք, հեղափոխական էյֆորիայից ալերգիա կընկնեք, սակայն ինքներդ հեչ բանի մեջ, ամա՜ն, ընկնել չե՞ք ուզե: Թամաշայի կորիզը հենց դո՛ւք լինելով՝ թամաշային դո՛ւք եք միշտ դեմ դուրս գալիս

Էյֆորիային դեմ էի՞ք. հոգեկան երկվության մեջ սենց պերմանենտ ընկնելու տեղակ, սենց անընդհատ նվոց դնելու տեղակ, առավել հավասարակշռվա՜ծ, բայց կոնկրե՛տ մի հատ հոգեվիճակի մեջ էլ դո՜ւք մի օր ընկնեիք, հավասարակշռված կերպո՜վ էդ կոռումպացված իշխանության դեմ մի բան անեիք, գլուխ գլխի տայիք, մարդկանց դրանց լծից ձե՛ր ձևով փրկեիք: Հավե՞ս չունեիք, ո՞ւժ, կա՞մք, ունակությո՞ւն, թե՞ խոսելու տեղ ու ասելու բան: Կոնկրետ ասելի՞ք չունեիք, թե՞ էդ ասելիքի համար՝ կոնկրետպլոճիկ:

Էս-էն հա՜րթ, սոտլի՜կ, սայթաքելու վտանգից հեռո՜ւ, ապահո՜վ «հարթակ» ընտրելն ու էդ «հարթակից» անմե՜ղ, շառից հեռո՜ւ, հա՜րթ մտքեր հնչեցնե՞լն էր ձեզանում միայն հոյակա՜պ ստացվում: 20-30 տարի է, հանց հանդիսատես, էդ իշխանության կառույցներում տաքուկ ու ապահով տեղավորված, փիլիսոփայո՜ւմ, փիլիսոփայո՜ւմ, մի հատ կոնկրետ բան ոչ ասում, ոչ անում, էն մարդկա՛նց եք հիմա դրել դատափետում, ովքեր, ի հակադրություն ձեզ, ձեր էդ չարածն ու ձեռքից չեկածը դրին ու արին: Այ առաջինը սրանի՜ց խոսեք, ապա նո՛ր էն մյուս բաներին անցեք:

Հա՛, անփորձ են ու դեռ կսխալվեն: Թփի տակ պախկված՝ սպասում եք, թե ով երբ մի բան կանի, որ հետո սխալվի, որ էդ սխալը տեսնելով՝ աշխարհով մե՞կ ըլնեք ու հենց դո՞ւք էյֆորիա ընկնեք: Բայց սխալվում է նա, ով գործ է անում, ոչ թե նրանք, ովքեր էս-էն թփի տակ նստած, քսան-քսանհինգ, երեսո՜ւն տարի է, նկարում են մարդա մի հատ երկչո՜տ, ականջներն էդքան երկա՜ր ու ցցած, բայց վախից խուլակա՜նջ, աչքերը շիլ, ուստի ոչինչ չնկատող նապաստակ ու իրանք իրանց էդ նկարածով թաքուն հիանում, ինչպես հիանում են հաջողված ինքնանկարով:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Խոսքով ընկա ու ամենասկզբո՛ւմ արծարծած՝ գլխավո՛ր հարցս, տեսա՞ք, մոռացա: Էյֆորիա՛ն: Հերի՜ք այսուհետ էդ էյֆորիան դնեք, ձեռ առնեք. էդ էյֆորիան եթե չլիներ, ժողովրդական էդ զարթոնքը եթե չլիներ, ապա կոնկրետ Դուք ու մյուս «համարձակ քաղաքագետներդ», պարո՛ն Պեպանյան, մի 20 տարի էլ պտի քնած մնայիք: Ձեր հույսին մնայինք՝ դուք ոչ թե էսօրվա նման էս «մտահոգիչ հարցադրումներով» պտի հարցախեղդ անեիք ու Սերժին մերժեի՛ք, այլ շա՜տ-շա՜տ Սերժինմերսեի՛ք ու խուտուտ տայիք ձեր էն շոյի՜չ, իբր հարցերով, սակայն հարցի տնազներով, Սերժի ու Սերժենց ծիծաղ բերեիք ձեր էդ խուտուտով, իրանց վերստին առողջացնեիք, նորից իրանց շարք կանգնեցնեիք: Բա իհա՜րկե, մերսումն ու խուտուտն առողջարար ու օգտակար բան են, մանավանդ նման վաղուց անգութ բտված օրգանիզմների համար