Ավստրիայի Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» ստադիոնում ավարտվեց Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպումը ։ Խաղում դարպասի գրավում չարձանագրվեց։

18-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանի հարվածից հետո գնդակը դարպասապահի միջամտությունից հետո դիպավ ուղղահայաց դարպասաձողին։

Գոլ խփելու լավ հնարավորություն ուներ Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմի ավագը 31-րդ րոպեին անցումից հետո հարվածային դիրք դուրս եկավ, սակայն մոլդովացիների դարպասապահը հուսալի գործեց։

34-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հարվածեց Կառլեն Մկրտչյանը և գնդակը դիպավ մրցակցի ֆուտբոլիստի ձեռքին, սակայն գլխավոր մրցավարը 11-մետրանոց չնշանակեց։

Երկրորդ խաղակեսում Տիգրան Բարսեղյանին փոխարինած Մարկոս Պիզելին հեռահար հարվածով փորձեց բացել հաշիվը։ 10 րոպե անց Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը վստահ գործեց՝ չեզոքացնելով վտանգը։

74-ին Կառլեն Մկրտչյանին փոխարինեց Գևորգ Ղազարյանը։ 2 րոպե անց պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպանը տուգանայինի մատույցներից հարվածեց, բայց տեղում էր դարպասապահը։

Վարդան Մինասյանի թիմը համեմատաբար ավելի ակտիվ անցկացրեց խաղի վերջին 20 րոպեները։ Մասնավորապես՝ 83-րդ րոպեին հարձակմանը միացած Վարազդատ Հարոյանի անցումից հետո գնդակը հայտնվեց Հենրիխ Մխիթարյանի մոտ, նա էլ հարվածեց, բայց կրկին շեղ։

Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշեց շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը։

Ընկերական հանդիպում, Ավստրիա

Հայաստան - Մոլդովա՝ 0։0

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Մոնրո Արարատ (Հովհաննես Համբարձումյան, 61), Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Հրայր Մկոյան (Տարոն Ոսկանյան, 77), Գաել Անդոնյան, Կառլեն Մկրտչյան (Գևորգ Ղազարյան, 74), Գոռ Մալաքյան (Արտակ Եդիգարյան, 81), Իվան Յագան (Էդգար Մալաքյան, 46), Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան (Մարկոս Պիզելի, 46):

Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստական հավաք է անցկացնում Ավստրիայում: